«Այս ընտրություններով Հայաստանում դասական պառլամենտարիզմը չի կայանալու». Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը դեմ է, որ լրատվամիջոցներին անվանեն չորրորդ իշխանություն: Նրա կարծիքով՝ չորրորդ իշխանությունը հասարակական կարծիքն է, իսկ լրատվամիջոցներն այդ չորրորդ իշխանության գործիքն են։
«Լրատվամիջոցները պետք է ակտիվացնեն հասարակությանը և հասարակական կարծիքը, որպեսզի պայքարենք բոլոր բացասական երևույթների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ։ Այն խնդիրները, որոնք բարձրաձայնում են լրատվամիջոցները, դառնում են նաև խորհրդարանական քննարկումների առարկա, ուստի լրատվամիջոցների և խորհրդարանի միջև կապը միշտ պետք է լինի»,- ասաց Բ. Նավասարդյանը։
Նա համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն իրենց թափանցիկությամբ աննախադեպ են լինելու, սակայն դրանով Հայաստանում դասական պառլամենտարիզմը չի կայանալու, և հիմնական դերակատարությունը բոլոր որոշումներում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, խաղալու է ոչ թե՝ խորհրդարանը, նույնիսկ՝ ոչ կառավարությունը, այլ՝ քաղաքական թիմը։
«Այն քաղաքական թիմը, որն ունենալու է լծակներ կամ ընդհանրապես ամբողջական վերահսկողություն խորհրդարանում և գործադիր իշխանությունում։ Քաղաքական այդ թիմն է որոշելու, թե կոռուպցիայի դեմ պայքարում ինչ քաղաքականություն է վարելու։
Ցավոք, մենք դեռ չենք ունենալու իշխանությունների տարանջատման այն դասական տարբերակը, որը կա զարգացած երկրներում։ Սա երևի Հայաստանի զարգացման հաջորդ փուլն է, եթե այս փուլը մենք հաջողությամբ ավարտենք»,- նշեց Բորիս Նավասարդյանը։
Նրա բնորոշմամբ, դեպի իրական պառլամենտարիզմ գնալու համար Հայաստանը դեռևս գտնվում է անցումային փուլում և այդ փուլում կմնա նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։
«Այսօր մեր հույսը կապում ենք նրա հետ, որ այն քաղաքական թիմը, որ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքական կամքի առակայությամբ կիրականացնի բոլոր այն բարեփոխումները, որոնց սպասում ենք։ Այս փուլում մենք չենք սպասում, որ լինելու է գաղափարների, քաղաքական կոնցեպցիաների, ծրագրերի լուրջ մրցակցություն։ Մենք պետք է հույս ունենանք, որ այն դեկլարացիաները, որոնք լսել ենք հեղափոխության շրջանում, մնում են այն քաղաքական թիմի օրակարգում, որը գալիս է իշխանության։ Եթե այդ օրակարգը նրանք պահպանեն և իրականացնեն, ապա կունենանք կոնկրետ քայլեր կոռուպցիայի դեմ պայքարում»,- ընդգծեց Բորիս Նավասարդյանը։
Նա հույս հայտնեց, որ խորհրդարանը կկարողանա ձևավորել նաև արդարադատության այն համակարգը, որը դեռևս չկա Հայաստանում։
Զվարթ Խաչատրյան