«Արցախի հարցի վերաբերյալ սպասվում են զարգացումներ, այդ հարցում անհրաժեշտ է լինելու բավականին կոշտ ուժ». Արա Պապյան
«Սասան ծռեր» համահայկական կուսակցության անդամներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ ունեցան Կոտայքի մարզի բնակիչների հետ։
Մրգաշեն համայնքում կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը նշեց, որ այս ընտրութւյունները սովորական ընտրություններ չեն։
«Սա վճռական ժամանակ է, որովհետև թվում է, թե սովորական օր է լինելու, բայց այդպես չէ, ձեր ընտրությունից կախված կա՛մ ձայնը տալիս եք հեղափոխության օգտին, կա՛մ օլիգարխներին հնարավորություն եք տալիս ական դնել այս փոփոխությունների տակ»,-նշեց Գ. Չուգասզյանը։
Ըստ նրա, կարևոր է, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ երկու խնդիր կա լուծելու՝ օլիգարխներին թույլ չտալ մուտք գործել խորհրդարան և չկրկնել 30 տարի առաջ արած սխալը, երբ իշխանութան էր եկել ՀՀՇ-ն և նրան զսպող երկրորդ ուժ չկար։
«Շատ կարևոր է, որ խորհրդարանում լինի երկրորդ ուժը և դա լինեն «Սասնա ծռերը»։ Մենք մեր երկրորդ բևեռը լինելու հանգամանքը ցույց ենք տվել տարիների ընթացքում՝ հին ռեժիմի դեմ մեր դիմադրությամբ։ Մեր գործերի և խոսքերի միջև որևէ տարբերություն չկա։ Մենք այն ուժն ենք, որ կհավասարակշռի Հայաստանի քաղաքական նոր դաշտը»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։
«Սասնա ծռեր» կուսակցության համակիրներից քաղաքագետ Արա Պապյանը մրգաշենցիներին հորդորեց ընտրություն կատարելիս հենվեն որոշակի չափանիշների վրա, իսկ գլխավորը, թե ով ինչ է ասում։
«Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, առջևում Արցախի հարցի վերաբերյալ բնական է, որ սպասվում են զարգացումներ և այդ հարցում անհրաժեշտ է լինելու բավականին կոշտ ուժ, որը, կանգնած լինելով իշխանության կողքին, կարողանա «ոչ» ասել շատ հարցերում։
Ակնհայտ է, որ իշխանությունը չի կարող կոշտ լինել, հենց այն պատճառով, որ իշխանություն է և միջազգային հանրությանը ոչ ասողը վստահաբար լինելու են «Սասնա ծռերը»»,- նշեց Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ ցանկացած պետության մեջ տեղի է ունենում քաղաքական դերերի որոշակի վերաբաշխում և «Սասնա ծռերը», որպես ազգային ուժ, առաջամարտիկ՝ ունեն իրենց քաղաքական դերը.
«Բացի այն, որ պետք է մասնակցեն տնտեսական զարգացմանը և քաղաքական նոր հենք ստեղծելուն, կաևոր հարցը մեր ազգային արժեքների պահպանությունն է և Արցախի հարցը։ Այնպես որ՝ այդ ուղղությամբ մտածեք, որովհետև շատ կարևոր է այս հարցը, այո, բարեկեցությունը լավ բան է, սակայն անվտանգությունն ամենակարևորն է։ Այն պետությունը, որը չկարողանա ապահովել իր անվտանգությունը՝ կկորցնի բարեկեցությունը, ժողովրդավարությունը և ամեն ինչ»,- շեշտեց Ա. Պապյանը։
Զվարթ Խաչատրյան