Լուվր մուտքն անվճար կդառնա յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրվա երեկոյան
2019 թվականից կարելի կլինի աշխարհահռչակ փարիզյան Լուվր թանգարան անվճար այցելել յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրվա երեկոյան: Այդ մասին նշվում է թանգարանի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Լուվր անվճար մուտքը հնարավոր էր ամսվա առաջին կիրակի օրը հոկտեմբերից մինչեւ մարտ ժամանակահատվածում: «2019 թվականի հունվարի 5-ից Լուվր թանգարանն անվճար գիշեր է կազմակերպում ամսվա առաջին շաբաթ օրը ժամը 18:00-ից մինչեւ 21:45-ը…
Այդ տասներկու երեկոները կփոխարինեն հոկտեմբերից մինչեւ մարտ ամիսների առաջին վեց անվճար կիրակի օրերին, որոնց ընթացքում թանգարանն այժմ աշխատում է սովորական տարիֆով»,-ասված է թանգարանի կոմյունիկեում: Թանգարանը բաց է ամեն օր ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն, բացի երեքշաբթի օրվանից, իսկ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին այցելությունը հնարավոր է մինչեւ 21:45:
Դրա հետ մեկտեղ ամբողջ տարվա ընթացքում անվճար մուտքի իրավունք ունեն մի շարք կատեգորիաներ, այդ թվում՝ Եվրամիության՝ 26-ից ցածր տարիքի ռեզիդենտները եւ մյուս երկրների այն քաղաքացիները, որոնց 18 տարին չի լրացել, դասախոսները՝ անձը հաստատող հատուկ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, նկարիչները, որոնք Նկարիչների տան եւ Պլաստիկ արվեստների միջազգային ասոցիացիայի անդամներ են, գործազուրկները, սահմանափակ հնարավորություններով մարդիկ եւ նրանց ուղեկցողները, լրագրողները եւ մի շարք այլ կատեգորիաներ:
Առաջին անգամ թանգարանը հանրության համար բացվել է 1793 թվականի օգոստոսի 10-ին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ: Այսօր Լուվրում պահպանվում է արվեստի ստեղծագործությունների մեծ հավաքածու, որոնք ստեղծվել են մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակից մինչեւ 1850-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: