«Նստում էին 200 հազար դոլարանոց մեքենաներն ու ասում՝ բյուջեում փող չկա». Էդմոն Մարուքյան
Մասիս քաղաքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն ասաց, որ քաղաքական համակարգի առողջացման մեջ է բոլոր խնդիրների լուծումը։
«Տեսեք՝ Մասիսում ջրի որակը շատ վատն է, մարդիկ ջուր են առնում. 21-րդ դարում Հայաստանում ՝ ջրի երկրում, մարդիկ ջուր են առնում, սա ի՞նչ է, եթե ոչ՝ խայտառակություն մեր պետության, բոլորիս համար։ Եվ եթե սկսենք ուսումնասիրել, թե ինչու Մասիսի ջուրը որակ չունի, վստահեցնում եմ՝ կհանգենք քաղաքական համակարգի մի ինչ-որ արատի։ Հետևաբար, ոչ թե պետք է պայքարել պղտոր ջրի դեմ, որովհետև դա հետևանք է, այլ պետք է պայքարել պատճառի դեմ՝ ինչու է ջուրն այդպես հասնում մարդուն։ ԼՀԿ-ն միշտ թիրախավորել է պատճառը, մենք հետևանքների դեմ կռիվ չենք տվել։ Սրանով ենք մենք տարբերվում մյուս քաղաքական միավորներից»,- հայտարարեց նա։
Էդմոն Մարուքյանը կոչ արեց քվեարկել իրենց օգտին և պահանջել իրենցից. «Մերժեք հինը, մերժեք անցյալը, փակեք անցյալի էջը ընտրությունների ուժը։ ԼՀԿ-ն հավակնում է լինել երկրորդը խորհրդարանում։ Ուզում եմ, որ հաջորդ հանդիպումները լինեն հաշվետու հանդիպումներ, որ այստեղ ներկայացնենք, թե ինչ ենք արել։ Ես վստահ եմ՝ ձեր ջրի որակի հետ կապված խնդիրն օբյեկտիվ չէ, դա կապված չէ արցախյան հակամարտության հետ, կապ չունի այն հանգամանքի հետ, որ Թուրքիան մեր սահմանները փակ է պահում, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառված։ Դա կապ ունի մեր երկրի ներքին արատավոր, ապականված քաղաքականության հետ, երբ մարդն արժեք չի ներկայացրել պետական այրերի համար, երբ պետական այրերն իրենց կաբինետներից են նայել մարդկանց, նստել են իրենց 200 հազար դոլարանոց մեքենաներն ու ասել՝ բյուջեում փող չկա։ Այդ ժամանակն ավարտվել է»։