«Այդքան կարելի՞ է անլուրջ լինել, ամեն ինչ իջեցնել, հասցնել գետնին». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն խոսակցություններին, թե առաջիկա խորհրդարանը 1.5-2 տարվա կյանք է ունենալու, և նշեց, որ այն մարդիկ են այդպես ասում, որոնք ոչ մի ցուցակում չեն հայտնվել.
«Կամ նրանք, ովքեր հասկանում են, որ ՀՀ քաղաքացիներն իրենց լուսանցքում են թողնելու։ Դեկտեմբերի 9-ը պատմական օր է և պետք է այնպիսի խորհրդարան ձևավորեք, որ ընդհակառակը՝ այն այքան ամուր, բազմազան լինի, «Լուսավոր Հայաստանը» լինի այնտեղ՝ իր մեծ խմաբկցությամբ, որ երբևէ կարիք չունենանք որևէ ցնցման, հեղափոխության, խորհրդարան ցրելու, մարդկանց նորից ընտրությունների տանելու»։
Է. Մարուքյանը նկատեց. «Մեր պրոֆեսիոնալ թիմը տանում ենք խորհրդարան, որ ի՞նչ անենք, որ մի տարի՞ աշխատենք։ Մեր պրոֆեսիոնալ թիմը տանում ենք խորհրդարան, որ պետականաշինության գործում ներդրում ունենանք։ Այդքան կարելի՞ է անլուրջ լինել, ամեն ինչ իջեցնել, հասցնել գետնին»։
«Լուսավոր Հայաստանն», ըստ նրա՝ ամեն բան անելու է, որ ՀՀ-ում ընդունվի նոր Հարկային օրենսգիրք. «Գործող ՀՕ-ն որ ընդունվել է ստվերային տնտեսության համար է։ Հիմա մենք ունենք մի աբսուրդ իրավիճակ. ստվերային տնտեսության համար ընդունված ՀՕ-ով գործարարներին, բիզնեսին, տնտեսությունը բերել ենք սպիտակ դաշտ, և, ըստ էության, բազմաթիվ խնդիրներ են առաջացել։ ՊԵԿ-ը կիրառում է օրենքը, բայց այդ օրենքը գրված է ստվերային տնտեսության համար, և լուրջ հարվածներ ենք տալիս մեր տնտեսվարողներին»։