Բաժիններ՝

Ոստիկանությունն ընտրություններին պետք ապահովի բոլորի հավասարությունը օրենքի առաջ. Վալերիյ Օսիպյան

Ոստիկանությունը քարոզարշավի և ընտրությունների ընթացքում լինելու է զգոն՝ արձագանքելով ցանկացած ահազանգի: Այս մասին նոյեմբերի 27-ին Գյումրիում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Ոստիկանապետը մարզպետարանում հանդիպեց կուսակցությունների, թեկնածուների, նրանց ներկայացուցիչների հետ: Կարևորելով արտահերթ ընտրությունների քարոզարշավի, ինչպես նաև ընտրությունների հարթ ընթացքը՝ ՀՀ ոստիկանապետը նշեց, որ ոստիկանությունը լինելու է աննախադեպ զգոն և արձագանքելու է ցանկացած փոքրիկ ահազանգի, հետևողական աշխատանք է տարվելու:

«ՀՀ վարչապետը ոստիկանության առաջ խնդիր է դրել՝ ոստիկանությունը պետք է ապահովի բոլորի հավասարությունը օրենքի առջև, յուրաքանչյուր կուսակցության, թեկնածուի և քաղաքացու քայլ պետք է բխի օրենքից»,- հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետը՝ հավելելով, որ բարձր մակարդակի ընտրություններ ունենալու համար հայցում է բոլորի աջակցությունը: Իսկ այն, որ արդար և բարձր մակարդակի ընտրություններ հնարավոր է ունենալ, վկայում են Երևանի քաղաքապետի ընտրությունները:

Վալերի Օսիպյանը հորդորեց բոլորին զերծ մնալ ցանկացած խախտումից ու օրինազանցությունից. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է և այսօր նույնպես դա հայտարարում ենք: Կայանալիք ընտրությունները հերթական ընտրություններ չեն, դրանով կերտելու ենք Հայաստանի Հանրապետության ապագան: Բացառիկ հնարավորություն է ստեղծվել՝ ունենալու լավ ընտրություններ, լավ երկիր»: Ոստիկանապետը վստահեցրեց՝ կպատժվեն բոլորը, անկախ նրանից, թե ով է ընտրակեղծարարը, և ոստիկանության մոտեցումը շատ խիստ է լինելու թե՛ կաշառք տվողի, թե՛ կաշառք վերցնողի հանդեպ:

«Կաշառքը պայմանավորված չէ միայն թղթադրամով, կաշառքի տարբեր ձևեր կան. անգամ ընտրախոստումը համարում ենք կաշառք՝ գյուղմթերքով, բնամթերքով, շինանյութով, ուսման վարձ վճարելով և այլն: Նմանատիպ ցանկացած տեսակի ընտրակաշառքի դրսևորման նկատմամբ ոստիկանության մոտեցումը լինելու է շատ խիստ և չենք հանդուրժելու որևէ նման դրսևորում: Անթույլատրելի եմ համարում որևէ հանցավոր տարրի, այսպես ասած, կրիմինալի ազդեցությունը ընտրությունների վրա»,- շեշտեց Վալերի Օսիպյանը՝ նկատելով, որ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին, իրենց տեսադաշտում են նրանք, որոնք կարող են զբաղվել ընտրակաշառքների բաժանմամբ, ընտրակեղծարարությամբ, ստվեր գցել ընտրությունների վրա, սակայն, միայն իրենց իմանալը քիչ է, անհրաժեշտ է, որ թեկնածուներն էլ համագործակցեն իրենց հետ, եթե նման դեպքեր արձանագրվեն:

«Ընտրության օրը որևէ մեկը իրավունք չունի ուղղորդել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նա գնա՞ ընտրության, թե՝ չգնա: Որևէ մեկը իրավունք չունի ուղղորդի որևէ մեկին՝ ընտրի, կամ չընտրի: Խնդրում եմ փոխանցեք բոլորին, որպեսզի պահպանեն Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պահանջները, որոնցից բխում է ապահովել ընտրատեղամասից 50 մետր շառավղով հեռավորություն, կուտակումներ չլինեն, մեքենաներ չլինեն: Որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացիներին որևէ տրանսպորտային միջոցներով տանել-բերելու: Դա կդիտվի որպես օժանդակել, ուղղորդել, և կենթարկվեն պատասխանատվության: Տրանսպորտով ընտրատեղամասեր կարող են միայն ու միայն մոտենալ հաշմանդամները, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն տեղաշարժվելու, սայլակներով կամ որևէ մեկի օգնությամբ են շարժվում»,- նշեց ոստիկանապետը:

«Եթե մտածում են, որ ոստիկանությունը կաշկանդված է, ո՛չ, այսօր որևէ մեկը ոստիկանությունում կամ շարքային գնդապետ, որն ունի որոշակի կաշկանդվածություն, նա մեր շարքերում տեղ չունի: Ինչի՞ց պիտի կաշկանդվի գնդապետ Օսիպյանը, չեմ կաշկանդվել, չեմ կաշկանդվում, չեմ էլ պատրաստվում կաշկանդված լինել, ոչ էլ որևէ մեկից կախված եմ: Մենք պաշտպանն ենք բոլորի, պարտավոր ենք ապահովել բոլորի անվտանգությունը»,- եզրափակեց ՀՀ ոստիկանապետը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս