«Պետք է ապերախտ լինի, որ չգնահատի մեր դերակատարությունը». Հրանտ Մարգարյանը՝ Փաշինյանին
Հայ հեղափոխական դաշնակցությունը հույս ունի հաջողել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում։ Այսօր Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ նախըտնտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ ավելի շատ վճռակաություն ունեն, որ իրականությանը նայեն բաց ճակատով, ժողովրդին համոզեն և գնան առաջ։
«Ես վստահ եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի»,- ասաց Հ.Մարգարյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանի կառավարման 6 ամիսներին իրենք տեսել են անգործություն, արդյունք չկա, գործընկերներն անտեսվել են։ Հ.Մարգարյանը հիշեցրեց ՀՅԴ-ի 7 կետերը և նշեց, որ այժմ հարցն ավելի շատ դրված է սոցիալական քաղաքականության ու ազգային ուղղության առումով.
«Թվում է, թե այս կառավարությունն ուզում է շարունակել նախորդ կառավարության քաղաքականությունը, այսինքն՝ լիբերալ տնտեսական քաղաքականությունը, որին մենք կտրուկ դեմ ենք»։
Հ.Մարգարյանը «սխալ» որակեց կանխատեսումները, որ ՀՅԴ-ն ԱԺ չի անցնի. «Առնվազն այն ուժը, որ հեղափոխության գլուխն է կանգնել, պետք է ապերախտ լինի, որ չգնահատի մեր դերակատարությունը, որ ունեցել ենք»։