Բաժիններ՝

«Հայաստան» հիմնադրամը պետք է գործի վստահելիության ամենաբարձր չափանիշներին համապատասխան. Փաշինյանը կոչ արեց ակտիվ մասնակցել հեռուստամարաթոնին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով համայն հայությանն ուղղված ուղերձում կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով իր խոսքն ուղղեց համայն հայությանը՝ կոչ անելով մասնակցություն ունենալ հեռուստամարաթոնին, որին ամեն տարի մասնակցում են տասնյակ հազարավոր հայեր Հայաստանում, Արցախում և սփյուռքում: «Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել ձեզ, որ հետևողականորեն և շարունակաբար շարունակում եք նվիրատվություններ անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչը նշանակում է, որ դուք շարունակում եք լինել, ինչպես մենք ենք ասում՝ մեր ազգային հպարտության միջնաբերդի և, իհարկե, Հայաստանի Հանրապետության կողքին: Այս տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, այսինքն՝ ձեր միջոցներով, Հայաստանում և Արցախում հայրուրավոր նախագծեր են իրականացվել, հարյուրավոր նախագծեր են իրականություն դարձել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամում վերջերս տեղի ունեցած փոփոխություններին, հիմնադրամի շուրջ ծավալված իրադարձություններին: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը պարզ, բաց, ազնիվ, թափանցիկ լինելն է հայ ժողովրդի առաջ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամեն նվիրատուի առաջ: «Այն, ինչ տեղի ունեցավ, ոչ թե պետք է նվազեցնի վստահությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ, այլ ընդհակառակը՝ մեծացնի այդ վստահությունը, որովհետև մենք դրանով հստակ ուղերձ ենք հղում, որ չենք հանդուրժելու հիմնադրամում տեղի ունեցող ոչ մի չարաշահում և ի վերջո կերաշխավորենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրված գումարները լիարժեք կերպով կծառայեն իրենց նպատակին: Վերջերս տեղի է ունեցել հիմնադրամի տնօրենի փոփոխություն, հոգաբարձուների խորհուրդն ընտրել է նոր տնօրեն, և դրանով մենք նշանավորում ենք մեր վճռականությունը, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է գործի արդյունավետության, թափանցիկության, վստահելիության ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Եվ ես համոզված եմ, որ այս փոփոխությունները և այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում, միանշանակ պիտի մեծացնեն վստահությունը հիմնադրամի նկատմամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց նախկինում կատարած բոլոր նվիրատվությունների համար, որովհետև այդ նվիրատվությունները շատ կարևոր և առանցքային դեր են կատարել Արցախի և Հայաստանի համար, դրանց միջոցով իրականացվել են բազմաթիվ հետաքրքիր, հզոր, կարևորագույն նախագծեր: «Եվ ահա այս նոր փուլով նույնպես այդ նախագծերի իրականացումը կշարունակվի: Այնպես որ կոչ եմ անում ձեզ անպայման մասնակցել հեռուստամարաթոնին և կատարել նվիրատվություններ ձեր հնարավորությունների չափով, որովհետև այդ նվիրատվությունները ծառայելու են Հայաստանի և Արցախի ապագային»,- նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը իր խոսքն ավարտեց՝ արտասանելով Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս