«Կոլերովին մի բան կասեմ». Թևան Պողոսյանը՝ Մոդեստ Կոլերովին

ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը 168.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է. «Ես շատ վաղուց եմ ասել, որ մենք ապրելու ենք և հասնելու ենք նրան, որ Հայաստանը պահանջի ռուսական ռազմական բազայի դուրսբերում Հայաստանից: Դա լինելու է: Ես կարծում եմ, որ դա Ձեր Հայաստանի ներքին գործն է, երբ էլ որ դա տեղի ունենա: Չեմ կարող ասել, թե երբ: Ես վստահ եմ, որ գալու է այդ ժամանակը: Մոսկվան կհամաձայնի: Եթե հիշում եք, Ռուսաստանը Վրաստանից է հանել իր ռազմաբազան և ռազմական օբյեկտ է դուրս բերել Ադրբեջանից: Այնպես որ՝ Ռուսաստանն ունի նման փորձ, նորություն չկա սրանում Ռուսաստանի համար»։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական ռազմաբազան այսօր կատարում է յուրահատուկ ֆունկցիա՝ պահում է հայ-թուրքական սահմանը. «Հայ-թուրքական սահմանը լինելու է, այն պետք է պահել, և եթե Հայաստանը հասել է այն վիճակին, որ այնքան զինծառայող, հնարավորություններ ունի, որ կարող է այդ սահմանը պահել, բնականաբար, այս խնդիրն այլ դաշտում է քննարկվելու։ Այն վայրկյանին, երբ մենք լուծենք այն ֆունկցիան, որ ՌԴ-ն այստեղ իր ռազմաբազան ունենալով՝ լուծում է մեր սեփական երկրի անվտանգության համար, այդ օրը նոր այդ հարցը կարող է քննարկվել»։

Ինչ վերաբերում է Մոդեստ Կոլերովի հայտարարությանը, ապա Թևան Պողոսյանի խոսքով՝ այստեղ կարևոր է, թե Կոլերովն ինչ հետաքրքրություն ունի. «Պետք է հասկանալ, թե ինչու է նա այդ մեսիջը փոխանցում, ինչ է ուզում դրանով ասել, ում խոսքն է տեղ հասցնում։ Չմոռանանք, որ այս վերջին 6 ամիսներին ունեցել ենք շատ բաներ և պետք է  հանգիստ սկսենք վերաբերվել նրան, որ մարդիկ, իշխանությունից դուրս լինելով, կարող են այլ մոտեցումներ ձևավորել, իշխանության մեջ լինելով՝ հասկանան, որ այդքան պարզ չի լինելու։

Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը շատ հանգիստ էր վերաբերվում ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ լսումներ անցկացնելուն, ապա երբ նա եկավ իշխանության, շատ լավ հասկացավ, որ միջազգային հարաբերություններում երկրիդ իմիջը նաև պահում ես նրանով, որ չես գալիս մեկ օրվա մեջ ասում այն, ինչ արդեն եղել-ավարտվել է։ Երկրի իմիջներից մեկն այն է, որ նախկին ստորագրված պայմանագրերը երկրի պայմանագիրն են, ոչ թե ստորագրած անհատի, և մենք հարգանքով ենք վերաբերվելու։

Այնպես որ, եթե նույն Կոլերովը շատ լավ տիրապետում է Հայաստանում իրավիճակին, այն օրը, երբ մենք կխոսենք, որ «Սասնա ծռերն» է 70 տոկոս վերցնելու, ոչ թե «Իմ քայլը», այդ ժամանակ միգուցե այդ ասածի համար կարելի էր մտահոգվել»։

Նրա խոսքով՝ Կոլերովը փորձում է ինչ-որ մեսիջներ տալ Հայաստանի հասարակությանը՝ քննարկման օրակարգը խառնելու համար. «Կոլերովին մի բան կասեմ՝ շատ ուրախ եմ, որ մտահոգված ես, բայց ես չեմ գալիս, չէ՞, և ասում՝ Ռուսաստանի այս կուսակցությունն այսպես կամ այնպես։ Այ, երբ կուսակցությունն իր նախընտրական ծրագիրը ներկայացնի, մոտեցումներն ասի, իսկ հանրությունն էլ նրանց տա այնքան քվե, որ դա կարող է որոշիչ լինել, կարելի է մտահոգվել, բայց ես չգիտեմ, որ ինքն այդքանն ասում է, ինչի՞ վրա է ուզում ներազդել, Հայաստանում ընտրական գործընթացների՞ վրա»։

Թևան Պողոսյանը հավելեց, որ վաղը ՌԴ ռազմաբազան Հայաստանից չի հեռանալու, Թուրքիան վաղը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի ունենալու. «Այդ ֆունկցիան, որ այսօր ՌԴ ռազմաբազան է կատարում, մեզ դեռ պետք է։ Ինձ համար Ռուսաստանի կարծիքը ոչ թե Կոլերովի կարծիքն է, այլ Կրեմլի, իսկ Կրեմլից ես ուրիշ բաներ եմ լսում։ Այնպես որ, չգիտեմ՝ Կոլերովն այս, թե այն կողմից է վճարվել, բայց ասել է իր անձնական կարծիքը, այլ ոչ Ռուսաստանի»։

 

Տեսանյութեր

Լրահոս