«Սերժ Սարգսյանի նկատմամբ իմ վերաբերմունքը չի փոխվել, իմ քաղաքական գնահատականները շարունակում են նույնը մնալ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի քրեական գործով արված բացահայտումները հեղափոխական է համարում և զարմանում, թե ինչու այդ թեմաներով փոթորիկներ չեն լինում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ գործի քննությունն ընթանում է ճիշտ ուղղությամբ: Հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս չեն բռնել գլխավոր շահառուին՝ Սերժ Սարգսյանին, Ն.Փաշինյանը հարցադրումով պատասխանեց. «Դա ի՞նչ հարց է»։ Նա նշեց, որ, եթե ինքն ասի, թե մյուս շաբաթ կբռնեն, տարբեր հայտարարություններ կլինեն, թե քննության նկատմամբ ճնշումներ սկսվեցին, և «էս երկրում ոչ մի բան չի փոխվի»։

Նա նկատեց, թե նաև կարծիքներ են հնչում, թե այս հեղափոխությունը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը: Ըստ նրա՝  նման կարծիք հնչեցնող մարդը պրիմիտիվ հարգանք չունի սեփական ժողովրդի ու երկրի նկատմամբ. «Այսինքն՝ միլիոնավոր մարդիկ մարիոնետներ էին, հա՞, նրանք չեն հասկացել՝ իրենք ինչ են անում ու ինչի համար։ Ավելի անհարգալից վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ ուղղակի հնարավոր չի պատկերացնել»։

Վերադառնալով Մարտի 1-ի գործին՝ Ն.Փաշինյանը նշեց, որ չի եղել դեպք, որ ինքը դիմի ինչ-որ մեկին ու կարգադրի ձերբակալել ինչ-որ մեկին. «Իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ իմ վերաբերմունքը չի փոխվել, իմ քաղաքական գնահատականները շարունակում են նույնը մնալ»։

«Դեպքի վայրից ապացույցները հավաքեն քննչական մարմնի ղեկավարի գլխավորությամբ: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում: Այդ ապացույցները տանեն պահեն, հետո հանձնարարեն գնալ, նոր ապացույցներ ստեղծել, բերել հանձնել, դրանք ներկայացնել՝ որպես ապացույց, պատկերացնո՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում։ Ու դրա վերաբերյալ փոթորիկ չկա»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս