«Գուցե սխալներ կան ծրագրերում, նստեք, վերանայեք, արեք ձերը, բայց մի ասեք, որ չինական դպրոցը 3 ամսում եք կառուցել, երբ այդ գործն արվում էր 2014թ.-ից». ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյան

Ինչ վերաբերում է կրթության և գիտության ոլորտում ունեցած ներդրման վերաբերյալ հարցին, մասնավորապես, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից դպրոց մտցված «Շախմատ» առարկան չի հանվել ուսումնական ծրագրերից, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը երեկ Live news-ի եթերում պատասխանել է, որ ոչ մի լուրջ բան, որ ինքն արել է, նոր իշխանությունները չեն հանել ու չեն փոխել:

«Ինձ միշտ իմ` նախարար եղած ժամանակ քննադատել են ռեֆորմների համար: Եկել է նոր իշխանությունը, բայց ինչ ես, իմ թիմը ժամանակին արել ենք, ոչ մի բան չեն փոխում. ինչո՞ւ… Որովհետև ամեն ինչ ճիշտ եմ արել, գուցե սխալներով եմ արել, մինչև վերջ չեմ արել, բայց այդ շենքը ես եմ կառուցել: 12-ամյա կրթության համար մինչև հիմա ինձ մեղադրում են, ես էլ ասում եմ` գնացեք, վարչապետին խնդրեք, թող հանի: Ավագ դպրոցները դե թող հանեն, արդեն երկու տարի է՝ ես չեմ նախարար: Ներառական կրթությունը, որ ամեն երեխա Հայաստանում ունենա լավ կրթության իրավունք` անկախ նրանից, թե ինչ ֆիզիկական կամ այլ տեսակի առանձնահատկություններ ունի, շախմատը, Հայաստանի կրթության եվրոպականացումը, այո, ես եմ արել: Այո, ես եմ մտցրել «Պատանի երկրապահների ակումբը» դպրոցներ. Ռազմահայրենասիրական դաստիարակությունը համարում եմ կրթական համակարգի հենասյուներից մեկը և դրա մեջ դիտում եմ նաև առաքելական եկեղեցին ու ազգային երգ ու պարը: Կրթական համակարգն այսօրվա խայտառակ աշխարհում պետք է տա հայի ինքնության պահպանման բանալին: Գուցե սխալներ կան ծրագրերում, նստեք, վերանայեք, արեք ձերը, բայց մի ասեք, որ չինական դպրոցը 3 ամսում եք կառուցել, երբ այդ գործն արվում էր 2014թ. Սերժ Սարգսյանի` Չինաստան այցից հետո: Որ գնում եք Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի այստեղի մասնաճյուղը, հիշեք, որ դա ես եմ արել` լուսահոգի Արմեն Երիցյանի հետ հսկայական ջանքեր գործադրելով: Որ ուրախանում եք Ամերիկյան համալսարանի բակալավրիատով, հիշեք, որ դա իմ անձնական ներդրման ու աջակցության շնորհիվ է եղել ու այդպես շատ բաներ: Եվ ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մեր հասարակության մեջ ամենաշնորհակալ մարդիկ կրթության ոլորտը ներկայացնողներն են: Բազմաթիվ ուսուցիչներ, շրջանավարտներ, տնօրեններ մինչև այսօր էլ աջակցություն են հայտնում ինձ, և ես վստահ եմ, որ իմ ռեյտինգային ընտրատարածքում այդ մարդիկ ինձ ձայն են տալու»,- շեշտել է ԿԳ նախկին նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս