«Անձամբ վարչապետն է պատասխանատու իմ քարոզարշավի համար. իմ, Էդիկի, Վիգենի, Դավիթի, բոլորի համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու». Արմեն Աշոտյան
«Մարդկանց աչքերը բացվում են: Մարդիկ տեսնում են, որ խոստումները չեն կատարվում, գները բարձրանում են, աշխատատեղերը փակվում են, տնտեսական ներդրումներ չկան, Արցախի շուրջ զարգացումներ կան: Մարդիկ տեսնում են ավանդական արժեհամակարգի տակ դրված ռումբերը, և այդ մարդիկ շատ են: Նրանք վախենում են ասել, որ իրենք այլ կերպ են մտածում, որովհետև չգիտեն, որ շատ են: Մարդիկ վախենում են խոսել, որովհետև գիտեն, որ հենց մի հակառակ բան ասեն, Աշոտյանի ու Շարմազանովի նման հոշոտվելու են հեղափոխական զանգվածի կողմից»,- նոյեմբերի 17-ին «Վերջնախաղ Կարմենի հետ» հաղորդման ընթացքում ասել է Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու ու նորմալ ընտրարշավ անելու հնարավորություն չունենալու և ձայներ հավաքելու բարդության հետ կապված հարցին`վերջինս նշել է, որ նախ և առաջ իշխանությունը պետք է շահագրգռված լինի, որ ընտրարշավի ընթացքում Աշոտյանը կամ որևէ այլ հանրապետական թեկնածու հանկարծ որևէ սադրանքի և խոչընդոտի չհանդիպի: Իրենք պետք է ամեն ինչ անեն, որ Հանրապետական կուսակցությունը, այսօր լինելով միակ արմատական ընդդիմադիր ուժը, քարոզարշավի ընթացքում խնդիրներ չունենա, թե չէ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները աննախադեպ արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, նորից կոպեկի արժեք չեն ունենալու:
«Անձամբ վարչապետն է պատասխանատու իմ քարոզարշավի համար. իմ, Էդիկի, Վիգենի, Դավիթի, բոլորի համար Նիկոլ Փաշինյանն է պատասխանատու, թե չէ Սվիտալսկու առջև նստել, ժպտալ և ասել, որ անելու եք լավագույն ընտրությունները, ինչ է թե մարդիկ ձեզ 1.7 միլիոն եվրո փող են տվել…Չանեիք ափալ-թափալ ընտրություններ, որ հիմա էլ չմտածեիք, թե ոնց եք դա ֆինանսավորելու»,- հավելել է Ա. Աշոտյանը: