«Առիթը, անշուշտ, եղավ այսպես կոչված՝ երրորդ ժամկետով առաջադրումը». Վիգեն Սարգսյանի ուշագրավ խոստովանությունը իշխանափոխության մասին. Factor.am

Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ առաջին փոխնախագահ, ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան, անցած վեց-յոթ ամիսների ընթացքում հավանաբար վերլուծել և հասկացել եք, որն էր ՀՀԿ-ի սխալը, ինչո՞ւ հեղափոխություն տեղի ունեցավ։

– Կարծում եմ, որ հեղափոխություն եզրույթն օգտագործելն արդեն ուղղորդիչ է։ Մենք դրան վերաբերում ենք որպես իշխանափոխության։ Մենք համարում ենք, որ 2017թ․ ԱԺ ընտրություններում մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժը անցնցում կերպով իշխանությունը փոխանցեց հրապարակում բողոքի դուրս եկած հանրության մատնանշած թեկնածուին և իր ղեկավարած քաղաքական ուժին։

– Պարոն Սարգսյան, միգուցե իշխանափոխությունն արագացրեց Սերժ Սարգսյանի կողմից՝ սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետ չդառնալու խոստման դրժո՞ւմը։

– Միգուցե, դրա պատասխանն ավելի լավ կտա պատմությունը։ Միգուցե դա ընդամենը դրդապատճառ էր։ Եթե հիշում եք, նախկինում էլ եղել են բավականին լայն դժգոհություններ առաջացրած դրդապատճառներ՝ ինչպես «Էլեկտրիկ Երևանը», երթուղային տաքսիների ուղեվարձի բարձրացման, Թումանյանի այգու խնդիրը և այլ դեպքեր։ Տարիներ անց պատմաբանները պետք է ասեն, թե որն է եղել դրդապատճառը, և որն է եղել իրական պատճառը։ Առիթը, անշուշտ, եղավ այսպես կոչված` երրորդ ժամկետի առաջադրումը, որովհետև վարչապետությունը դա երրորդ ժամկետ չէ։ Եթե այդպես նայենք` դա չորրորդ ժամկետն էր, մինչև նախագահ դառնալը Սերժ Սարգսյանը վարչապետ եղել է։

– Չե՞ք կարծում, որ գոյություն ունեցող իրավիճակում Հանրապետական կուսակցության համար շատ դժվար է լինելու նախընտրական քարոզարշավին մասնակցելը։

– Ես կարծում եմ, որ մեր կուսակցությունն ունի ասելիք, և ընտրություններին չմասնակցելը նշանակում է կուսակցությունը վերածել ակումբի, հասարակական կազմակերպության։ Մենք Երևանի ավագանու ընտրություններին որոշեցինք չմասնակցել իրավիճակը չլարելու, պայքարը սև-սպիտակի դաշտ չմղելու համար։ Բայց փորձը ցույց տվեց, որ նույնիսկ մեր բացակայության դեպքում ոմանց անպայման պետք էր մեզ մատնանշել, և դաշտը դարձնել սև-սպիտակ։ Այդ տրամաբանության մեջ ո՞րն էր այս ընտրություններին չմասնակցելու իմաստը։

– Ունե՞ք մոտավոր հաշվարկ, թե ձեր կուսակցությունից քանի՞ անդամ է դուրս եկել։

– Մեր կուսակցությունն ունի 150 հազար անդամ, 7000 անդամ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել։

– Նրանք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ մտած անդամնե՞րն են, որոնք «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներ են։

– Ոչ, նրանք ուրիշ յոթ հազար են։ Տարբեր մարզերից տարբեր յոթ հազար մարդիկ գրել են դիմում և դուրս են եկել։

– 2017թ․ երբ առաջին անգամ էիք գլխավորում ՀՀԿ ցուցակը, այլ իրավիճակ էր, Դուք գլխավորում էիք իշխող կուսակցության նախընտրական ցուցակը։ Հիմա բոլորովին հակառակ իրավիճակ է։ Հեշտ համաձայնեցի՞ք գլխավորել ցուցակը, թե՞ միգուցե պայքարել եք դրա համար։

– Այս անգամ որոշումը շատ ավելի միանշանակ էր․ եթե դա առաջարկվում է, ապա անպայման պետք է ընդունել, որովհետև բարդ իրավիճակում ցուցակ գլխավորելն ավելի մեծ պատիվ է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս