Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է սաուդացի լրագրողի սպանության գործի հանգամանքներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հանգամանքներին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է գործի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի հայտարարություններին:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի հայտարարությունները կարևոր են գործի հանգամանքները պարզելու համար, բայց ամբողջովին բացահայտելու համար այդքան էլ բավարար չեն:
«Սաուդյան կողմը պետք է բացահայտի հյուպատոսությունում սպանված լրագրողի մարմնի գտնվելու վայրը և սպանությունն իրականացրած խմբին հրաման տված անձի անունը: Բազմաթիվ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, որ սպանվածի մարմինը դեռ չի գտնվել»,- ասել է Չավուշօղլուն:
Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը նշել է, որ լրագրողին հյուպատոսությունում սպանել են մահացու ներարկման միջոցով, ապա անդամահատել մարմինը և դուրս բերել հյուպատոսության շենքից:
Դատախազը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն ժամանած խմբի ղեկավարը խմբի անդամներին հրամայել է, որ եթե Խաշոկջին չհամաձայնվի վերադառնալ հայրենիք, վերացնեն նրան:
«Խմբի անդամները, չկարողանալով համոզել Խաշոկջիին վերադառնալ Սաուդյան Արաբիա, սպանել են նրան: Նրան ներարկել են մեծ քանակությամբ թմրանյութ, ինչն էլ հանգեցրել է մահվան»,- ասել է դատախազը:
Խաշոկջիի մարմինը մասնատվելուց հետո դուրս է բերվել հյուպատոսության շենքից և հանձնվել Թուրքիայի քաղաքացու:
«Այդ մարդու ֆոտոռոբոտը պատրաստ է և փոխանցվելու է թուրքական կողմին»,- նշել է դատախազը:
Գլխավոր դատախազը լրագրողներին չի հայտնել լրագրողին սպանած խմբի անդամների անունները:
Սաուդացի ընդդիմադիր լրագրողի սպանության գործով ձերբակալվել է 21 անձ, որոնցից 11-ին մեղադրանք է առաջադրվել:
Սպանությանը անմիջական մասնակցություն ունեցած 5 անձի համար Սաուդյան Արաբիայի դատախազությունը մահապատիժ է պահանջել: