Բաժիններ՝

««Գազպրոմ Արմենիա» ընկերության շահութաբերության մակարդակը 9% է, և այն սահմանված է հայ-ռուսական համաձայնագրով». Միքայել Սողոմոնյան

Այսօր ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման հարցով քննիչ հանձնաժողովի նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը հայտարարեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության շահութաբերության մակարդակը 9% է, և այն սահմանված է հայ-ռուսական համաձայնագրով:

«Հանձնաժողովը որևէ բան չի կարող այդտեղ կիրառել»,- ասաց նա:

Մ. Սողոմոնյանը նշեց, որ կորուստների հաշվարկը ՀԾԿՀ մեթոդիկայով բարձր է ստացվում, սակայն սակագնի հիմքում փաստացի կորուստներն են դրված:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝ փոխադրման համակարգում գազի 4% կորուստներն անընդունելի են: Ըստ նրա՝ սակագնի առումով ինչ հնարավոր է, պետք է վերանայել, և նախորդ բոլոր բանակցությունների արդյունքները միանշանակ չեն ողջունվում: Նա բացառեց, որ հանձնաժողովը որևէ դեր չունի սակագնի փոփոխության հարցում:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին՝ Մելքումյանը նշեց, որ արտադրող բոլոր կայանների շահույթները 10-ական տոկոս են, անգամ պետական համակարգում: Նա էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին դիմեց, որպեսզի պետական ձեռնարկություններում մանրամասն աուդիտ իրականացվի:

«Բոլոր ընկերություններում սկսվել է և՛ ծախսային, և՛ հաստիքային ուսումնասիրություններ, լինելու են օպտիմալացումներ»,- պատասխանեց Գ. Բաղրամյանը:

Ըստ նրա՝ ղեկավար անձնակազմերն են շատ ուռճացված, մարդիկ ծանրաբեռնված են կիսով չափ կամ ավելի պակաս, իսկ օպտիմալացման արդյունքում որոշակի հաստիքացուցակի կրճատում կլինի, և առանց սակագնի ավելացման հնարավոր կլինի աշխատավարձերի բարձրացում ապահովել, քանի որ էներգահամակարգում 2013 թվականից հետո վերանայում չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս