Եթե միայն ավանդույթով շարժվեր մարդկությունը, ապա որևէ նվաճում և առաջընթաց չէր արձանագրվի. Արարատ Միրզոյան

«Եթե ես լինեի ՀՀԿ-ի տեղը, չնայած ես չեմ պատկերացնում՝ ո՞նց կարող էր էդպես լինել, ես ընդհանրապես պաուզա կվերցնեի քաղաքական կյանքին մասնակցությունից, որովհետև այն բոլոր խնդիրները, որ մենք ունենք այսօր մեր երկրում և մեր երկրի շուրջ արտաքին աշխարհում, այդ բոլոր խնդիրներն իրենց արմատներով գնում են դեպի ՀՀԿ-ի վարած քաղաքականություն՝ սկսած կադրայինից, վերջացրած, հիմա նորից ուզում եմ այդ Պանդորայի արկղը բացել, կոռուպցիայով, թալանով և ամեն ինչով: Այսինքն՝ բոլոր արատավոր երևույթների սկզբնաղբյուրը և պատճառն իրենք են: Հիմա այդ մարդիկ եկել են, խոսում են դիկտատուրայից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը:

Ըստ նրա՝ նրանք որոշել են չանկեղծանալ հասարակության հետ, չառերեսվել իրողության հետ, իրենք իրենց նույնիսկ չխոստովանել, որ իրենք են մեղավորը.

«Եթե մարդ կա, որ ամենավերջինը պետք է խոսի դիկտատուրայի մասին, նրանք ՀՀԿ-ում են: Եվ այդ մարդիկ խոսում են դիկտատուրայի՞ց: Ես ուղղակի զարմանում եմ: Հիմա կամ ադեկվատ չեն, կամ շարունակում են մարդկանց խաբել, այսինքն՝ իրենք իրենց ներսում գիտեն և շարունակում են մարդկանց խաբել և քողարկել»:

Քաղաքացուց հեռանալու մասին ՀՀԿ-ի արդարացումները Ա.Միրզոյանը չափազանց մեղմ է որակում. «Ես նորից եմ ասում՝ այդ մարդիկ ժողովրդի հետ չեն եղել, երկխոսության մեջ չեն եղել, ժողովրդից ընտրված չեն եղել, որ հետո հեռանան ժողովրդից: Կամ իրենք չեն գիտակցում, որովհետև ընտրություն կեղծելը թերացում չի, հանցագործություն է, կաշառք վերցնելը, կոռուպցիոն մեխանիզմով մենաշնորհներ կամ՝ ստվերային տնտեսություն ստեղծելը հանցագործություն է: Դա բացթողում է, դա մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ խաղալ է»:

Ա.Միրզոյանի խոսքով՝ մինչև հեղափոխությունը ՀՀ-ում միջնադարյան դասական ֆեոդալական համակարգ էր, կային իշխանիկներ, որոնք շահագործում էին մնացած բոլորին, և իրենք իրենց ընկալումներով մտածում էին, որ մնացածը ստեղծված են իրենց ծառայելու և իրենց եկամուտներն ապահովելու համար. «Դա մտածողություն էր, դա բացթողում չէր»:

Հարցին՝ ՀՀԿ-ն շանս ունի՞ ԱԺ անցնելու, Ա.Միրզոյանը պատասխանեց, որ դա քաղաքացիները պետք է որոշեն. «Ես չեմ պատկերացնում՝ ընդհանրապես ո՞նց կարելի է քվեարկել ՀՀԿ-ի օգտին»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն խոսում է ընտանիքի, Ղարաբաղի, եկեղեցու, ավանդական արժեքների մասին, Ա.Միրզոյանը հակադարձեց, որ իրենք էլ են ասում՝ ընտանիք, Ղարաբաղ, եկեղեցի, ավանդական արժեքներ, զարգացում, առաջադիմություն, և այդ ամենը պետք է բալանսի մեջ նայել, եթե միայն ավանդույթով շարժվեր մարդկությունը, ապա որևէ նվաճում և առաջընթաց չէր արձանագրվի: Ըստ նրա՝ միշտ էլ կա ավանդույթի և կենցաղի պայքար, և այդ երկուսի համադրության շնորհիվ է, որ մարդիկ կարողացել են առաջ գնալ, պահել են լավը և վերցրել նոր լավը:

Տեսանյութեր

Լրահոս