Ճիշտ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն կարող է դառնալ ԱԺ ընտրություններում երկրորդ տեղի հիմնական հավակնորդը. Շարմազանով
Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ճիշտ աշխատանք կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարող է դառնալ երկրորդ տեղի հիմնական հավակնորդը: ՀՀԿ խորհրդի նիստի առաջ նման կարծիք հայտնեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ-ն այսօր այլ խնդիր ունի, 2017 թվականին այլ խնդիր ուներ։ Այն ժամանակ գնում էինք 50-60 տոկոս հավաքելու և բացարձակ մեծամասնություն դառնալու, այսօր գնում ենք խորհրդարանում միակ և ամենաընդդիմադիր ուժը լինելու, երկրորդ ուժը լինելու ակնկալիքով», – ասաց Շարմազանովը:
Շարմազանովի կարծիքով` բոլոր նրանք, ովքեր կլինեն կուսակցության ցուցակի առաջին տասնյակում, պետք է առաջադրվեն որպես ռեյտինգային թեկնածուներ:
Ինչ վերաբերում է ցուցակն իր, Արմեն Աշոտյանի և Վիգեն Սարգսյանի կողմից գլխավորելու հարցին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ իրենք ցուցակի հետ կապված որևէ հարց չենք քննարկել: «Մի բան կարող եմ ասել, որ ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ՝ Արմեն Աշոտյանը ևս, մեր պայքարը մանդատի համար չէ, մեր պայքարը գաղափարի, սկզբունքի համար է, մեր պայքարը ցուցակում լավ տեղ ունենալու համար չէ, մենք ամեն մեկս ունենք մեր տեղը»,- եզրափակեց Շարմազանովը:
ՀՀԿ-ն խորհրդի նիստում քննում է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18:00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18:00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:



