«Հայաստանը հաջորդ տարի մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերելու». Դավիթ Տոնոյան
Հայաստանը հաջորդ տարի մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերելու: Այս մասին այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Թե ի՞նչ սպառազինություն է գնվելու, Տոնոյանը կեսկատակ պատասխանեց. «Եթե չեմ սխալվում՝ այս նիստը փակ է»:
Նշենք, որ 2019 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 311 մլրդ 868 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը կուղղվի 300 մլրդ 437 մլն դրամ: Ընթացիկ տարվա բյուջեի համեմատ, որը կազմում է 247,8 մլրդ դրամ, 2019 թվականի ռազմական բյուջեն աճել է շուրջ 60 մլրդ դրամով: Իսկ 2017-ի բյուջեի համեմատ, որը 209,8 մլրդ դրամ էր, 2018 թվականի ռազմական բյուջեն ավելացել էր ավելի քան 38 մլրդ դրամով (18,15%):