«2018-ին հայ պաշտոնյաները սկսել են ավելի շատ շրջագայել. արտասահմանյան գործուղումների գումարը ավելացել է մոտ 140 %-ով». Արմեն Աշոտյան
ԱԺ հանձնաժողովներում այսօր 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկումներն են: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե ինչքա՞ն գումարի նախնական հայտ է ներկայացրել Արտգործնախարարությունը և ի՞նչ գումար է հատկացրել կառավարությունը:
Ի պատասխան՝ Ջանջուղազյանն ասաց, որ 15,7 մլրդ դրամի հայտ են ներկայացրել, հատկացվել է 14,9 մլրդ դրամ:
«Նայեցի գործուղումների համար նախատեսված հատկացումները։ 2018-ի ընթացիկ հաշվետվությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան գործուղումների գումարը ավելացել է մոտ 140%-ով, այսինքն՝ 2018-ին հայ պաշտոնյաները սկսել են ավելի շատ շրջագայել՝ 140 %-ով գերակատարելով հատկացվող գումարները: Ֆինանսների նախարարությունն ի՞նչ մեխանիզմով է այդ հատկացումներն ապահովել, ու որքանո՞վ է արդարացված վերջին ամիսների ընթացքում արտասահմանյան գործուղումների վրա կատարած գերծախսերը»,- հարցրեց Աշոտյանը։
Ջանջուղազյանը պատասխանեց, որ Ֆիննախը չի որոշում, նախկինում նախագահը կամ վարչապետն էին որոշում՝ նպատակահարմա՞ր է այդ գործուղումն իրականացնել, թե՞ ոչ, հիմա վարչապետին են դիմում. «Ինչ վերաբերում է գործուղումների վերաբերյալ ձեր տեղեկատվությանը, ապա, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ունեցել ենք գործուղումների համար նախատեսված գումարների ավելի մեծ պահանջ, քան դրանք նախատեսված է եղել օգտագործել: Չգիտեմ, թե որտեղից է ձեր մոտ այդ 140 տոկոսը, որովհետև 2018-ի համար նախատեսված է եղել պաշտոնական գործուղումների համար 350 մլն դրամ, ճշտված ծրագրով՝ այն դեռևս շարունակում է մնալ 350 մլն դրամ: Տարվա ընթացքում այն, հնարավոր է՝ աճի, ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ հիմա կարիքով է պայմանավորված՝ լրացուցիչ միջոցներ հատկացնելու կարիք կլինի, թե ոչ։ Եղել են տարիներ, որ վերաբաշխումների ճանապարհով ենք այս խնդիրը լուծել»:
Ջանջուղազյանը դժվարացավ նշել, թե այդ գործուղումներն ինչ չափով են նպաստել Հայաստանի արտաքին հարաբերություններին։