Արարատ Միրզոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին, որոնք Երևան են այցելել՝ մասնակցելու «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Վենետիկի հանձնաժողովի՝ Հայաստանը ներկայացնող անդամ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Արարատ Միրզոյանը պարոն Բուքիքոյին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները՝ կապված ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրությունների հետ։ Պարոն Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության քաղաքական կամքը՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ՝ անկախ գործող օրենսգրքի որոշակի մտահոգիչ և մանիպուլյատիվ կարգավորումների՝ որպես օրինակ մեջբերելով Երևանի ավագանու ընտրությունները, որոնք, տեղական ընտրությանը բնորոշ առանձնահատկություններով հանդերձ, գրանցեցին ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների աննախադեպ օրինակ։ Արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաև, որ կառավարությունը խիստ կարևորում է միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարումը, և զրուցակիցներին ներկայացրել է այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։

Ջիանի Բուքիքիոն հետաքրքրվել է Ազգային ժողովի արձակման սահմանադրական կարգավորումներով, որին անդրադառնալով Գագիկ Հարությունյանը շեշտել է, որ արդեն ամիսներ շարունակ երկրում խախտված է կայուն խորհրդարանական մեծամասնության սահամանադրական սկզբունքը, ինչը կառավարման և ինստիտուցիոնալ բազում խնդիրներ է ստեղծում։ Պարոն Հարությունյանը մատնանշել է, որ Ազգային ժողովն ուներ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու միջոցով ճգնաժամը հաղթահարելու իրավական հնարավորություն, ինչը չարեց։

Ամփոփելով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեման՝ պարոն Միրզոյանը նշել է, որ ընտրություններից հետո կառավարությունը հետևողական է լինելու թե՛ սահմանադրական, թե՛ ընտրական օրենսգրքի և թե՛ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների հարցում։ Վենետիկի հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ առաջիկա թե՛ սահմանադրական, և թե՛ ընտրական բարեփոխումների իրականացման ընթացքում Հանձնաժողովը լիակատար պատրաստակամություն ունի աջակցելու իշխանություններին։

Տեսանյութեր

Լրահոս