«Ես խորքային ուսումնասիրել եմ դեպքը և տեսել եմ հնարավորությունը երեխաների՝ կենսաբանական մոր հետ մեծանալու». Մանե Թանդիլյանը՝ լքված երկվորյակների մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի խոսքով՝ նախարարությունը համապարփակ աշխատանքներ է տանելու հոկտեմբերի 17-ին Գյումրում տեղի ունեցած դեպքի առթիվ, երբ մայրը նորածին երեխաներին թողել էր Գյումրու մանկատան դիմաց:
«Ես խորքային ուսումնասիրել եմ դեպքը և տեսել եմ հնարավորությունը երեխաների՝ կենսաբանական մոր հետ մեծանալու, որը բխում է նրանց լավագույն շահից: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել և այն արտառոց էր, մենք անպայման սոցիալական համապարփակ աշխատանք պետք է իրականացնենք: Տարբեր դրդապատճառներ ու երևույթներ ձևակերպենք, դրանց տանք լուծում, և համոզված լինենք, որ այն ճանապարհը, որով գնում ենք՝ ճիշտ է և կրկնության ենթակա չէ»,- ասաց նա:
Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ սա ուղերձ պետք է լինի նման իրավիճակում գտնվող մյուս մայրերի ու ընտանիքների համար:
«Սա նաև ուղերձ պետք է լինի այն ընտանիքներին ու մայրերին, որոնք նման խոցելի իրավիճակում են հայտնվել, որ իրենք պաշտպանված են, և որոշ դեպքերում ավելի հասցեական պետք է դիմեն այդ պաշտպանությունը ստանալու համար»,- նշեց Թանդիլյանը: