Քանյե Ուեսթը հայտարարել է, որ իրեն օգտագործել են քաղաքական նպատակներով
Ռեփեր եւ պրոդյուսեր Քանյե Ուեսթը, որը հանդես էր գալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ, հայտարարել է, որ իրեն օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնք ինքն իրականում չի պաշտպանում: Այս մասին կատարողը հայտնել է իր Twitter-ում:
«Այժմ աչքերս բացվել են, եւ ես հասկացել եմ, որ ինձ օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնց ես չեմ հավատում: Ես ինձ սահմանազատում եմ քաղաքականությունից եւ լիովին կենտրոնանում եմ ստեղծագործության վրա»,- գրել է Ուեսթը: Նա նաեւ հայտարարել է, որ ոչ մի առնչություն չունի այն մարզաշապիկների ստեղծման հետ, որոնք աֆրոամերիկացիներին կոչ են անում դադարեցնել աջակցությունը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը:
Ավելի վաղ ռեփերն այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է Թրամփի հետ, ինչպես նաեւ բազմիցս հանդես է եկել նրա պաշտպանությամբ:
Քանյե Ուեսթին համարում են ամենահանրաճանաչ ռեփ-կատարողներից մեկն ԱՄՆ-ում: Փորձագետները նրան քանիցս ճանաչել են XXI դարի մեծագույն արտիստներից մեկը: Երգիչն ընդհանուր առմամբ ստացել է Grammy-ի 21 արձանիկ՝ այդպիսով դառնալով ռեկորդակիրներից մեկն այդ երաժշտական մրցանակի պարգեւների թվով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: