Բաժիններ՝

Ջեֆ Բեզոսը երկու օրում 19,2 մլրդ դոլար է կորցրել Amazon-ի բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով. Bloomberg

Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Amazon առեւտրական ինտերնետ-ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Ջեֆ Բեզոսի կարողությունն ընդամենը երկու օրվա ընթացքում նվազել է միանգամից 19,2 մլրդ դոլարով: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը, նշելով, որ դրանով իսկ այդչափ կարճ ժամանակամիջոցում ֆինանսական կորուստների նոր ռեկորդ է սահմանվել աշխարհի մուլտիմիլիարդատերերի շրջանում:

Նմանօրինակ նախորդ ռեկորդը գրանցվել էր հուլիսի 27-ին. Մարկ Ցուկերբերգը 16,5 մլրդ դոլար կորցրեց այն բանի հետեւանքով, որ նրա Facebook ընկերության բաժնետոմսերի արժեքն ավելի քան 20 տոկոսով ընկավ աննպաստ հաշվետվության ֆոնին:

Ինչպես նշում է Bloomberg-ը, Բեզոսը նույնպես «աղքատացել է» նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի անկման պատճառով: Հոկտեմբերի 26-ին Amazon-ի արժեթղթերն էժանացել են 7,8 տոկոսով, իսկ հոկտեմբերի 29-ին՝ եւս 6,3 տոկոսով:

Գնանշումների անկումը տեղի է ունեցել երրորդ եռամսյակի վերաբերյալ ռեթեյլերի հաշվետվության հրապարակումից հետո, որի ցուցանիշները, ինչպես պարզվել է, շուկայի սպասումներից ավելի ցածր էին: Արդյունքում՝ Bloomberg-ն այժմ Բեզոսի կարողությունը գնահատում է 128,1 մլրդ դոլար, մինչդեռ անցյալ ամսվա սկզբին այն հասել էր 167,7 մլրդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս