«Հույս ունեմ, որ մոտ ապագայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերը կանցկացվեն Հայաստանում». Արա Բաբլոյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հուսով է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, ինչպես նաև պլենար նիստերը մոտ ապագայում կանցկացվեն Հայաստանում:
ԱԺ նախագահն այս մասին ասել է Մոսկվայում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում: ՀՀ ԱԺ նախագահը միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերի անցկացման վայրը Երևանից տեղափոխելու կապակցությամբ:
«Ցանկանում եմ ափսոսանք հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և պլենար նիստի վայրը Երևանից տեղափոխելու կապակցությամբ: Այո, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել խորհրդարանի արձակմանը, և որպես հետևանք՝ արտահերթ ընտրությունների:
Սակայն, չնայած այդ ամենին՝ մենք պատրաստ էինք կատարել մեր պարտականությունները և ընդունել մեզ մոտ նախատեսված միջոցառումները: Դրա հետ մեկտեղ, մենք հարգանքով ենք վերաբերվում երևանյան նիստի հետաձգման կոնսենսուսային որոշմանը: Հույս ունեմ, որ մոտ ապագայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և պլենար նիստերը կանցկացվեն Հայաստանում»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:
Արա Բաբլոյանը նաև հավաստիացրել է, որ Հայաստանում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխվելու, քանի որ հասարակության շրջանում կոնսենսուս կա ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում:
ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահի ելույթին, նշել է, որ կքննարկեն նիստերը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը, եթե Հայաստանի նոր խորհրդարանից նման հայտ լինի: