«Ե՞րբ են պատրաստ եղել, որ հիմա պատրաստ լինեն: Բա 20 տարի ի՞նչ էին անում. անընդհատ ընտրություններ են եղել». Ազատ Արշակյան

«Ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է քաղաքական կամք: Մեր ժողովուրդը մի քանի անգամ քննություն հանձնել է: Մենք այդ մշակույթն ունենք, գիտենք, թե ինչ է նշանակում արդար ընտրությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա կարծիքով՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելն այնքան էլ հարմար չէ:

«Ցուրտ է, լավ կլիներ, որ հունիս-հուլիս ամիսներին լիներ: Իսկ այն, որ ասում են, թե ՀՀԿ-ն կարող էր մայիսին անվստահություն հայտել Փաշինյանին, ապա պետք է դատապարտվեր՝ որպես քաղաքական ուժ, իր արածների համար՝ ինքնիշխանությունը, տնտեսական գլխավոր լծակներն այլ պետությանը հանձնելու, Սահմանադրությունը բռնությամբ ու կեղծիքով անցկացնելու համար»,- նկատեց Ազատ Արշակյանը:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը հորիզոնում որևէ ընդդիմադիր ուժի չի տեսնում, բայց կարծում է, որ ձևականորեն մի քանիսը կանցնեն խորհրդարան:

«Ընդդիմություն լինելու համար քաղաքական ծրագիր է պետք: Ընդդիմադիր կարող են համարվել նրանք, ովքեր դեմ են ԵԱՏՄ-ին, վայրի կապիտալիզմին: Հայաստանի Հանրապետությունը  գրանցված է՝ որպես սոցիալական պետություն, բայց այդպես չէ: Գործազուրկներն ապահովված չեն աշխատանքով: Սոցիալական՝ նշանակում է, որ պետությունը որոշակի պարտավորություն է վերցնում իր վրա: Դա չի անում, և այն կուսակցությունները, որոնք որ պետք է պաշտպանեին սա, գոյություն չունեն: Բոլորը վայրի կապիտալիզմին են սպասարկում: ՀՅԴ-ն ու Կոմկուսը դրանով չեն զբաղվում, նրանք սերտաճել են լիբերալ ռեժիմի հետ: Մենք չունենք խաղաղության և պատերազմի հետևորդներ, չունենք քաղաքական ուժեր, որոնք պահանջում են վերանայել 1921 թվականի ռուս-թուրքական համաձայնագիրը, չունենք քաղաքական ուժեր, որոնք որ պահանջում են վերանայել Կարսի պայմանագիրը Թուրքիայի հետ: Արցախի հարցն  այդպես է լուծվելու, այն ռուս-թուրքական  դաշինքի հետևանքն է, որը գոյություն ունի մինչև հիմա և հետևողականորեն պաշտպանվում է»,- նշեց ԳԽ նախկին պատգամավորը:

Ինչ վերաբերում է կուսակցություններից շատերի դժգոհությանը, թե չեն հասցնի պատրաստվել դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, Ազատ Արշակյանն ասաց.

«Ե՞րբ են պատրաստ եղել, որ հիմա պատրաստ լինեն: Բա 20 տարի ի՞նչ էին անում: Անընդհատ ընտրություններ են եղել»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս