Բաժիններ՝

Հարկային տեսչությունը հարձակվել է ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա

ETTO KIDS-ը գրում է.

Բաց նամակ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին.

Հարկային տեսչությունը հարձակվել է ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա:

Պարոն Ավինյան, Պարոն Անանյան,

Երեկ հարկային տեսչությունը վերջին երկու տարվա ընթացքում իրականացրեց թվով 3-րդ ստուգումը ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնում:

Անհասկանալի է, թե ինչ են ուզում մեզանից, այդ ինչ ռիսկեր են տեսնում մեր վարած գործունեության մեջ, որ երկու տարվա ընթացքում բացում են մեզ վրա երրորդ ստուգումը: Այն ժամանակ, երբ ազգովի նստած, շունչներս պահած սպասում ենք, թե երբ պետք է ՊԵԿ աշխատակիցները հերոսաբար բացահայտեն մեր կոռումպացված պաշտոնյաների և նրանց ընկերությունների կողմից երկրից գողացված միլիարդները, այդ ժամանակ հարկային տեսուչները զբաղված են մանկական կենտրոններ ստուգելով…

ETTO KIDS-ը զարգացման կենտրոն է, որտեղ 3-14 տարեկան երեխաները և պատանիները տարատեսակ նախագծերի, խաղերի միջոցով ձեռք են բերում գիտելիքներ մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինժեներիայի, շինարարության, ծրագրավորման և ռոբոտաշինության բնագավառներում: Կենտրոնը բացվել է 2016թ․-ին և կարճ ժամանակահատվածում դարձել է երեխաների սիրված վայրը: Իրականում հասկանալի է, որ բավականին բարդ է Շենգավիթ համայնքում աշխատեցնել նման կենտրոն և գոյատևել երկու տարի, սակայն մենք անում ենք հնարավոր և անհնարին ամեն ինչ:

Այս անգամ հարկային տեսուչները, մուտք գործելով զարգացման կենտրոն, ներկայացել են որպես ծնող, ով ցանկանում է իր երեխայի ծննդյան տարեդարձը կազմակերպել մեր կենտրոնում, 25 երեխայի/մեծահասակների համար կազմել են ծառայությունների ցանկ 103.000 ՀՀ դրամ արժողությամբ` մենյու, զարգացնող խաղեր, ֆիքսել են միջոցառման օր` 22.10.2018թ, ժամ` 18:00, թողել են 20.000 ՀՀ դրամ կանխավճար, ստացել են կանխավճարի դիմաց ՀԴՄ կտրոնը և հեռացել են: Մի քանի օր անց մեկ այլ տեսուչ, կրկին ներկայանալով որպես ծնող, մուտք է գործել զարգացման կենտրոն, կազմել է նմանատիպ պատվեր, նույնպես վճարել է 20.000 ՀՀ դրամ, ստացել է վճարված կանխավճարի ՀԴՄ կտրոնը և հեռացել:

22.10.2018թ.՝ այն օրը, երբ պետք է լիներ «հարկային տեսուչի երեխայի ծննդյան տարեդարձը» (առաջին կանխավճարով նախատեսված միջոցառումը) հարկային տեսուչները ժամը 17:45 սահմաններում եկել են զարգացման կենտրոն և բացահայտել են, որ իրենք ոչ թե ծնողներ են, այլ մեր կենտրոնում իրականացրել են ստուգում, ինչի արդյունքում որևէ խախտում չեն հայտնաբերել և պահանջել են հետ վերադարձնել վճարված 2×20.000 ՀՀ դրամ կանխավճարները: Մենք զարմացանք և տեղեկացրինք նրանց, որ այսօրվա 25 հոգուց բաղկացած միջոցառման նախապատրաստական աշխատանքները (զարգացնող խաղեր, ուտեստներ, խմիչքներ, զարդարանք, փուչիկներ, խաղավար…) ամբողջությամբ պատրաստ է, և մենք այս պահին սպասում ենք միջոցառման հյուրերին: Տեսուչները նորից տեղեկացրին, որ որևէ միջոցառում չի լինելու, որ դա եղել է միջոցառման կազմակերպման իմիտացիա և պահանջեցին մեզանից վերադարձնել 2×20.000 ՀՀ դրամ կանխավճարները: 2-րդ 20.000 ՀՀ դրամը, իհարկե, մենք վերադարձրինք, քանի որ, փաստացի, որևէ նախապատրաստական աշխատանք այդ միջոցառման համար դեռ չէինք հասցրել կատարել, իսկ առաջին վճարված 20.000 ՀՀ դրամը հրաժարվեցինք վերադարձնել + պահանջեցինք հատուցել մեզ պատճառված վնասը 103.000 ՀՀ դրամի չափով, սակայն նրանք լսել անգամ այդ մասին չուզեցին:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ հարկային տեսչության սխալ կազմակերպված աշխատանքի արդյունքում մեր ընկերությանը պատճառվել է 103.000 ՀՀ դրամի վնաս: Եթե այն մասին, որ մեզ մոտ իրականացվել է ստուգում, նրանք տեղեկացնեին մեզ մեկ օր առաջ կամ միջոցառման օրը՝ առավոտյան, ապա մենք չէիք կատարի նախապատրաստական ծախսերը: Ինչո՞ւ պետք է հարկային տեսչության անգրագետ կազմակերպված աշխատանքի արդյունքում մենք վնաս կրենք, այսպե՞ս ենք մենք նպաստում մանր և միջին բիզնեսի զարգացմանը:

Այսօր մենք հանդիպում ունեցանք Շենգավիթի ՀՏ պետի տեղակալի հետ, ում ներկայացրինք ստեղծված իրավիճակը և խնդրեցինք, որ հարկային տեսչությունը հարգի մեզ, մեր աշխատանքը և լուծում տա ստեղծված իրավիճակին: Սակայն վերջինս շատ մարտական և սկզբունքային մոտեցավ այս հարցին և հրաժարվեց որևէ լուծում տալուց, փոխարենը նշեց, որ ինքն իր գործը շատ լավ գիտի, հարկային տեսչությունը իրականացրել է ստուգում, և որևէ մեկը, այդ թվում՝ ինքը, չի պատրաստվում իր գրպանից գումար տալ և հորդորեց, որ դիմենք, ում ուզում ենք:

Մենք լսեցինք Շանգավիթի հարկային տեսչության պետի տեղակալի հորդորը և դիմում ենք Ձեզ, որպեսզի այս իրավիճակին լուծում տաք:

Հարգանքով՝

ETTO KIDS ընկերություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս