Բաժիններ՝

Փաստաբանն առաջարկում է համաներումը տարածել պետությանը պատճառված վնասը կամովին փոխհատուցած անձանց վրա և կարճել գործերը

Փաստաբան Երեմ Սարգսյանի կարծիքով՝ քաղաքական իշխանությունը չպետք է բաց թողնի այս բացառիկ հնարավորությունը և համաներման ակտում պետք է հատուկ կետով առանձին կարգավորում տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ և նախատեսել, որ այս հոդվածով նախատեված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել և քրեական գործը ենթակա է կարճման կամ էլ անձը ենթակա է ազատման պատժի կրումից, եթե փոխհատուցել է պատճառված նյութական վնասը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե մամուլում շրջանառվող համաներման ակտի նախագիծը իրական նախագիծն է, որը պետք է վաղը ներկայացվի ՀՀ Ազգային ժողով, ապա դրանում առկա են որոշ անորոշ ձևակերպումներ, որոնք ոչ միայն պրակտիկայում համաներման ակտի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջացնում, այլ նաև չարաշահումների տեղիք են տալիս, ուստի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, ՀՀ արդարադատության նախարարության և լրատվամիջոցների ուշադրությունն եմ հրավիրում մի քանի հանգամանքների վրա:

1. Համաներման ակտի 2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված է. «5. Քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը, /բացառությամբ մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առկայությունը/, որոնցով …»:

Այս պայմանը. «բացառությամբ մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առկայությունը» շատ կատեգորիկ է և թերի, քանզի կարող են լինել դեպքեր, որ տուժողի իրավահաջորդը բողոք և նյութական պահանջ չունենա, ինչպես նաև չառարկի, որ համաներման ակտ կիրառվի, այս դեպքում ինչու չպետք է քրեական գործի վարույթը կարճվի: Այստեղ որևէ տրամաբանություն չկա:

Այսինքն, պետք է այս պայմանը լրացնել, նշելով հետևյալը. «բացառությամբ մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առկայությունը և վերջինս առարկում է համաներման ակտի կիրառման դեմ»:

2. Համաներման ակտի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետում նշված է` համաներումը չկիրառել . «այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ /…/»:

Հոդվածում նշված է` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ «կարող են մեղադրվել»: Այս ձևակերպումը խիստ սուբյեկտիվ է և կարող է չարաշահումների տեղիք տալ:
Օրինակ` եթե անձը ներկայումս մեղադրվում է որևէ հանցագործության կատարման մեջ, որի համար գտնվում է կալանքի տակ և որի համար համաներում կիրառելու արգելք չկա, ապա որևէ քննիչ կամ այլ պաշտոնատար անձ կարող է ուղղակի նշել, որ հիմքեր ունի կարծելու, որ այդ անձը կարող է մեղադրվել կալանավորման տակ գտնվելու ընթացքում կրկին հանցագործություն կատարելու մեջ և այդ հիմքով համաներում չկիրառել, սակայն հետագայում այդ ենթադրությունը չհաստատվի: Այս դեպքում անձը կարող է անհիմն կերպով զրկվել համաներման ակտի կիրառման իրավունքից և որոշ ժամկետով անօրինական կարգով պահվել կալանքի տակ:

Ավելին, եթե որևէ քննիչ կամ այլ պաշտոնատար անձ առանց անձին մեղադրանք առաջադրելու, նշի, որ հիմքեր ունի ենթադրելու, որ նա կարող է մեղադրվել նոր հանցագործության կատարման համար, ապա սա քննիչին բացարկ հայտնելու հիմք կարող է լինել, քանի որ ակնհայտ կլինի քննիչի կանխակալ վերաբերմունքը նշված անձի կամ գործի նկատմամբ:
Այսինքն, նշված հոդվածից պետք է հանվի այդ անորոշ ձևակերպումը` «եթե կարող են մեղադրվել» և միայն պետք է թողնել հստակ ձևակերպում` «եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ մեղադրվում են»:

Նույն մոտեցումն է առկա նաև 2-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին և 3-րդ կետերում:

3. Համաներման ակտի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 5-րդ կետում նշված է` համաներումը չկիրառել . «այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել հանցագործությամբ պատճառած վնասը կամ առկա է վեճ հանցագործությամբ պատճառված նյութական վնասի կապակցությամբ»:

Այս ձևակերպումը ևս խիստ անորոշ է և որոշ դեպքերում հանցագործություններից տուժած անձանց կողմից չարշահումների տեղիք է տալիս:

Նախկինում հաճախ ենք պրակտիկայում հանդիպել դեպքերի, որ քաղաքացիական դատավարության կարգով նյութական վնասի վերաբերյալ առկա վեճը նույնպես փորձ է արվել դիտարկել համաներման ակտի կիրառման արգելք, ուստի ներկայումս էլ պատկերացնենք մի իրավիճակ, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով որոշվել է, որ հանցագործությամբ պատճառված վնասը 1.000.000 դրամ է, սակայն տուժողը վեճ ունի պատճառված նյութական վնասի չափի կապակցությամբ և այդ նպատակով քաղաքացիական դատավարության կարգով հայց է ներկայացրել դատարան կամ էլ դիտավորյալ կերպով մոտ 50.000.000 դրամի հայց է ներկայացրել դատարան միայն այն բանի համար, որպեսզի համաներման ակտ չկիրառվի անձի նկատմամբ:

Կարծում եմ, որ օրենքում առնվազն պետք է օգտագործվի հանցագործությամբ «անմիջականորեն» պատճառված նյութական վնաս հասկացությունը, որպեսզի այդ վնասի հասկացության տակ չներառվեն օրինակ բաց թողնված օգուտները, կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված վնասը, հուղարկավորության վրա միլիոններով կատարված ծախսերը և այլն, որպիսի պայմաններում առկա անորոշությունը որոշակի առումով կվերացվի:

4.Համաներման ակտի 4-րդ հոդվածը ցանկալի է ձևափոխել և սահմանել, որպեսզի համաներման ակտը կիրառվի ոչ թե հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, այլև յուրաքանչյուր հանցանքի համար առանձին, որպիսի կարգ գործել է նաև մինչև 2013 թվականն ընդունված համաներման ակտերում և որպիսի պայմաններում առավել մեծ թվով անձանց վրա համաներումը կտարածվի:

Ենթադրենք որևէ անձ մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն պահելու և դիտավորությամբ հարկերից խուսափելու համար նախատեսված հանցագործություների մեջ: Առանձին- առանձին այդ արարքների նկատմամբ պետք է կիրառվի համաներում, իսկ համակցության մեջ` ոչ: Կարծում եմ, որ այստեղ որևէ ծանրակշիռ պատճառաբանություն չկա , թե ինչու այդ նույն արարքներից միայն մեկը կատարած անձի նկատմամբ պետք է համաներում կիրառվի, իսկ երկուսը միաժամանակ կատարած անձի դեպքում` ոչ:

5. Եվ վերջում մեկ առաջարկություն. հեղափոխությունից հետո հաճախ է ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվել, որ պետական միջոցներից յուրացումներ կատարելու համար մեղադրվող անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվելու են, եթե այդ յուրացված գումարը կամովին փոխհատուցվի պետական բյուջե:

Սակայն հարկ է նշել, որ ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերը որևէ հնարավորություն չեն ընձեռում կարճել առանձնապես խոշոր չափերով յուրացման վերաբերյալ գործերը, ուստի պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, որ յուրացված գումարը կամովին վերականգնելուց հետո քրեական հետապնդման մարմիններն իրոք ցանկանում եմ կարճել քրեական գործը, սակայն որևէ իրավական հնարավորություն չունեն:

Այս առումով կարծում եմ, որ քաղաքական իշխանությունը չպետք է բաց թողնի այս բացառիկ հնարավորությունը և համաներման ակտում պետք է հատուկ կետով առանձին կարգավորում տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի վերաբերյալ և նախատեսել, որ այս հոդվածով նախատեված հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել և քրեական գործը ենթակա է կարճման կամ էլ անձը ենթակա է ազատման պատժի կրումից, եթե փոխհատուցել է պատճառված նյութական վնասը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս