Այսքան ուրախ կյանքը մեր, Զեյնալյանն է նվիրել

Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին հարց ուղղեց մասնավորապես ՔԿՀ-ներում մոլեխաղերը սանձելու մասին, ինչին նախարարը տվեց բավականին վիճահարույց պատասխան։

Նախ նախարարը խոսեց ՔԿՀ-ների բեռնաթափման մասին՝ նշելով, որ այսօր քրեակատարողական հիմնարկներում 1920 ազատազրկված անձ կա, և երբևէ նման աննախադեպ ցուցանիշ չի արձանագրվել, եթե հաշվի առնենք, որ դա արվել է առանց համաներման ակտի։

Նախարարը շտապեց նշել, թե այս արդյունքն ունեն իրենց իրականացրած քաղաքականության, դատական համակարգում իրավակիրառական պրակտիկայի փոխվելու ու կալանքն արդեն իսկ հաճախ որպես խափանման միջոց չկիրառելու արդյունքում։

Լավ է, իհարկե, որ ամեն պատեհ-անպատեհ առիթով կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվում, բայց երբ ուրախանում ենք այն առիթով, որ փաստորեն վերջին ամիսներին մոտ 1000 անձ քրեակատարողական հիմնարկներից դուրս է եկել ու մտել հասարակություն, չպետք է մոռանանք նաև, որ այդ 1000 անձանցից որոշակի, միգուցե լուրջ տոկոս լուրջ խնդիր է դառնալու նույն այդ հասարակության համար։ Եվ եթե սրան էլ ավելացնենք շուտով համաներմամբ նրանց շարքերը լրացնողների քանակը, պատկերը կամբողջանա։

Արդյո՞ք այդ 1000 հոգին պատրաստ էր անցնցում ինտեգրվել հասարակությանը, արդյո՞ք քրեակատարողական հիմնարկների համապատասխան բաժինները, դատարանները նրանց պատշաճ սոցիալ-հոգեբանական նկարագիրն ուսումնասիրել են, և ազատության մեջ նրանց հայտնվելը ավելի լուրջ ցնցումների առիթ չի դառնա։

Ինչ վերաբերում է մոլեխաղերին, նախարար Զեյնալյանը, հիրավի, «հեղափոխական» հայտարարություն արեց՝ նշելով, որ այն ավանդույթը, որ կար քրեակատարողական հիմնարկներում, հարկադրել խաղալու կամ տուրք վճարել չխաղալու համար, ամենաբարձր մակարդակով վերացված է։

Պատկերացնո՞ւմ եք, 12 քրեակատորաական հիմնարկ, որոնց գերակշիռ մասը գտնվում է մարզերում ու ղեկավարվում արդեն տասնամյակներ պաշտոնավարած կամ համակարգը ներկայացրած անձանց կողմից, ամենաբարձր մակարդակով վերահսկվում են այնպես, որ որևէ ազատազրկված անձ չի զբաղվում թղթախաղով։

Սա երևի ճիշտ նույն կերպ է արվել, ինչ կերպ և քրեական ենթամշակույթի ամենակարկառուն երևույթի «զոն նայողի» ինստիտուտի դեպքում, երբ հայտարարվեց, որ հայաստանյան ՔԿՀ-ներում «զոն նայողներ» չկան։

Համաձայնեք, չափազանց գովելի ձեռքբերում է, որը թերևս երբևէ չի գերազանցվի. ՔԿՀ-ներում մոլեխաղեր չեն խաղում, կաշառք չեն ուզում, ծանրաբեռնվածություն չկա, «զոն նայող չկա», թմրամոլություն՝ նույնպես, խցերում ապահովվում է յուրաքանչյուրին 4ք/մ տարածք սկզբունքը, ամեն ինչ հրաշալի է և օրինակելի…

Տեսանյութեր

Լրահոս