Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց նշել «կաշառակեր» պատգամավորի անունը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց նշել այն պատգամավորի անունը, որի հետ կապված կաշառքի գործի բացահայտում կա և կալանավորման համար սպասում են միայն պաշտոնական փաստաթղթի:
«Եկեք ոչ մի բան չասեմ, որ չստացվի պիտակավորում եմ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ այդ գործը բացահայտվածներից ամենամեծն է, գուցե հետագայում ավելի մեծերը բացահայտվեն:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ամբիոնից Ն.Փաշինյանը հայտարարեց. «Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի, պաշտոնական պատասխանի ենք սպասում, որ օրը դա եղավ, լինելու է նախաձեռնություն այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է: Բայց, դա կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Լավ, կարելի է մի շաբաթ էլ ձգել, կարելի է մի ամիս էլ ձգել, տարբերակ չկա, այդ պատագամավորը կալանավորվելու է, դա լինելու է երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»: