«Սա լավ տեղ չի տանում մեզ բոլորիս». Խոսրով Հարությունյան

«Ձեր ելույթը շատ օգտակար էր՝ առաջիկա քաղաքական զարգացումների առումով»,- այսօր խորհրդարանում դիմելով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Հարությունյանը գտնում է, որ Հայաստանում չի եղել հեղափոխություն, այլ եղել է խաղաղ, անցնցում իշխանափոխություն. «Ապրիլ-մայիս ամիսների քաղաքացիական պոռթկումը մի նոր լուրջ մարտահրավեր է ձևավորում երկրի ընդհանուր զարգացման համար, այն է՝ փորձել քաղաքացիական այդ լուրջ էներգետիկան վերածել քաղաքական լուրջ կապիտալի։ Եթե մեզ հաջողվի այդ էներգետիկան կապիտալիզացնել, ապա կարող ենք պնդել, որ կստեղծվեն ինստիտուցիոնալ նախադրյալներ՝ հանրապետության զարգացման հաջորդ գալարին  բարձրանալու համար»:

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններն այդ իմաստով ունեն բացառիկ, պատմական նշանակություն։ «Մենք տեսնում ենք վերջին շրջանի զարգացումները. այսօր մի կեղծ թեզ է հնչեցվում, որ ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի քաղաքական մեծամասնություն, և նրա մասնակցությամբ կամ չմասնակցությամբ են պայմանավորված այս կամ այն որոշումների ընդունումը կամ չընդունումը։ Քաղաքական մեծամասնություն ԱԺ-ում ՀՀԿ-ն վաղուց չունի։ Ավելին, այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հայտարարել են ձեզ սատարելու մասին, այսօր ԱԺ-ում այնքան ներկայություն ունեն, որ կարող են ընդունել ցանկացած, այդ թվում՝ սահմանադրական օրենք»,- նշեց նա։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ գործող բոլոր քաղաքական ուժերի մեջ ընդդիմադիր լինելու պոտենցիալ ունի միայն ՀՀԿ-ն. «Եկեք՝ զերծ մնանք հավելյալ պիտակավորումներից. որևէ քննադատություն իշխանության հանդեպ իսկույն որակվում է՝ հակահեղափոխություն։ Սա լավ տեղ չի տանում մեզ բոլորիս»։

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ նախընտրական պայքարի առողջ միջավայր ստեղծելը կարևոր նշանակություն ունի։

 

Տեսանյութեր

Լրահոս