Բաժիններ՝

Նոր «Տիտանիկը» նավի պատմական երթուղին կկրկնի 2022 թականին. CBS

«Տիտանիկի» պատճենը ներկայացնող հանրանավը կջրարկվի 2022 թվականին եւ կկրկնի Մեծ Բրիտանիայից ԱՄՆ պատմական երթուղին, որն այդպես էլ չավարտեց վերջինիս հռչակավոր նախորդը: Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ «Տիտանիկ II» նախագծի աշխատանքը վարում է Blue Star Line ընկերությունը, որը գլխավորում ավստրալացի գործարար Քլայվ Փալմերը: Նախագծի գործարկման մասին հայտարարվել էր 2012 թվականին, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով դրա աշխատանքը 2015 թվականին դադարեցրել էին եւ վերսկսել միայն այս տարվա սեպտեմբերին:

Այդ հանրանավի կառուցման արժեքը գնահատվում է 500 միլիոն դոլար, ենթադրվում է, որ այն կկարողանա տեղավորել 2,4 հազար ուղեւորների եւ անձնակազմի 900 անդամների: Ինչպես ճշտել է Փալմերը, նոր «Տիտանիկն» իր առաջին երկշաբաթյա ուղերթը կկատարի Սինգապուրից Դուբայ, որտեղից հանրանավը կմեկնի Սաութհեմփթոն, որպեսզի այնուհետեւ կտրի-անցնի Ատլանտյան օվկիանոսը եւ ժամանի Նյու Յորք:

Ընկերության պլաններով՝ նավն ամեն շաբաթ Մեծ Բրիտանիայից ԱՄՆ ուղերթեր կկատարի ամռան ամիսների ընթացքում: «Տիտանիկը» Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին եւ վերջին ուղերթին մեկնել էր 1912 թվականի ապրիլի 10-ին: Ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն այն այսբերգի բախվեց Հյուսիսային Ատլանտիկայի ջրերում եւ ջրասույզ եղավ 2 ժամ 40 րոպե անց: Խորտակման հետեւանքով զոհվեց շուրջ 1,5 հազար մարդ, 712 ուղեւորների եւ անձնակազմի անդամների հաջողվեց փրկվել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս