Բաժիններ՝

Իտալիայի վարչապետը հավաստիացրել է, որ երկիրը դուրս չի գա ԵՄ-ից

Իտալիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից եւ եվրոգոտուց: Այդ մասին Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հոկտեմբերի 22-ին հայտարարել է Հռոմում Օտարերկրյա մամուլի ընկերակցությունում կայացած մամուլի ասուլիսում։

«Կարդացեք՝ նայելով շուրթերիս,-ասել է նա անգլերենով,- Italexit-ի (Brexit-ի նմանությամբ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու), Եվրոպայից ու եվրոգոտուց մեր դուրս գալու ոչ մի շանս չկա»: Եվրոգոտուց Իտալիայի հնարավոր դուրս գալու շուրջ շահարկումները հայտնվել են տակավին Իտալիայում ներկայիս կոալիցիոն կառավարության ձեւավորման փուլում, որի մասնակիցներն են «5 աստղ» Շարժումը» եւ «Լիգա»-ն. կուսակցություններ, որոնք հայտնի են եվրոսկեպտիցիզմով:

Ավելի վաղ Իտալիան Եվրահանձնաժողովի քննարկմանն է հանձնել 2019 թվականի բյուջեի նախագիծը եւ եռամյա բյուջետային պլանը, որոնցում կառավարությունը սահմանել է բյուջեի դեֆիցիտի այնպիսի մակարդակ, որը գերազանցում է ԵՀ-ի հետ համաձայնեցված շեմային մեծությունները:

Բրյուսելն արդեն Հռոմից պարզաբանումներ է պահանջել բյուջեի նախագծի ծախսային հոդվածների վերաբերյալ, որոնք կարող են խախտել Իտալիայի արտաքին պարտքի կայունությունը:  ԵՀ-ում զգուշանում են, որ դա կբերի Իտալիայի արտաքին պարտքի հետագա ավելացման եւ դրա սպասարկման հետ կապված բարդությունների, ինչն իր հերթին սպառնալիքի տակ է դնում ամբողջ եվրոգոտին: Բրյուսելն սպառնում է տուգանային ընթացակարգեր կիրառել Հռոմի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս