Բաժիններ՝

Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է 95 տոկոսով. Մեյ

Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագիրը Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ պատրաստ է 95 տոկոսով, բայց առայժմ լուծված չէ Հյուսիսային Իռլանդիային վերաբերող սահմանի խնդիրը: Այդ մասին, ինչպես հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը, Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հոկտեմբերի 22-ին կտեղեկացնի բրիտանացի խորհրդարանականներին:

«Ի մի բերելով ամբողջ արվածը, Brexit-ի վերաբերյալ պայմանագրի եւ դրա կանոնակարգային փաստաթղթերի 95 տոկոսը համաձայնեցված է,- Մեյի խոսքից հոկտեմբերի 22-ին մեջբերում է արել Reuters գործակալությունը:- Հարցերի ճնշող մեծամասնության շուրջ գործարքի բովանդակությունն այժմ պարզ է»: Սակայն համաձայնագիրը, նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ երկու կողմերը չեն համաձայնացրել Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի ընդհանուր շուկայի եւ մաքսային միության կազմում պահպանելու մեխանիզմը:

Լոնդոնը, ինչպես հիշեցրել է նա, չի կարող ընդունել ԵՄ-ի իշխանությունների առաջարկը, ըստ որի Հյուսիսային Իռլանդիան հայտնվեր մաքսային միության գոտում, որը գոյություն ունենար Միացյալ թագավորության մնացած տարածքից առանձին: Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտությունը կլինի:

«Ներկայում քննարկվում է անցումային շրջանը մի քանի ամսով երկարացնելու հնարավորություն ստեղծելու հարցը: Սակայն մենք չենք սպասում, որ այդ տարբերակին դիմելու անհրաժեշտություն կլինի, քանի որ աշխատում ենք հասնել այն բանին, որ մինչեւ 2020 թվականը մենք արդեն հարաբերությունների նոր համակարգ ունենանք»,-ասել է Մեյը, ընդգծելով, որ անցումային ժամանակաշրջանի ավարտը սպասում է 2020 թվականի վերջին, ինչպես որ դա պլանավորվել էր:

Մինչդեռ Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն նշել է, որ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի կարգավիճակի հարցը կարող է դառնալ Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունների վերջնական ձախողման պատճառը: Խոսելով բրիտանական կողմի հետ բանակցությունների ընթացքի մասին՝ Բառնիեն ընդգծել է, որ փոխզիջման հասնելու ճանապարհին գլխավոր խոչընդոտներից մեկը մնում է Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի միջեւ ցամաքային սահմանի հարցը:

«Ես ցանկանում եմ հասնել համաձայնության, աշխատում եմ դրա համար, քանի որ դա համապատասխանում է բոլորի շահերին, բայց դեռեւս շատ լուրջ խնդիր է մնում` երաշխավորել, որ Իռլանդիայում չլինեն սահմաններ, քանի որ դա կղզու խաղաղության ու կայունության պայմաններից մեկն է ողբերգական անցյալից հետո»,-հավելել է քաղաքական գործիչը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս