«Ներդրվելու է մոտ 20 միլիոն եվրո». Սվիտալսկի
Նիդեռլանդների Գրոնինգենի համալսարանը Երևանի պետական համալսարանի հետ միասին կազմակերպել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» քիմիային նվիրված միջազգային գիտաժողով, որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել գիտական աշխարհում առաջատար ներկայացուցիչներ:
Գիտաժողովի հիմնական նպատակն է՝ հայ գիտնականներին, հատկապես՝ երիտասարդ սերնդին, հնարավորություն տալ ծանոթանալու ոլորտի լավագույն փորձին:
«Միջազգային գիտաժողովները կարևոր դեր են խաղում գիտական հետազոտություններում, քանի որ գիտնականների համար դրանք ծառայում են որպես ուրույն հարթակ՝ ներկայացնելու իրենց ձեռքբերումներն ու արդյունքները, ընդլայնելու համագործակցության կապերը»,- ասաց Գրոնինգենի համալսարանի օրգանական քիմիայի պրոֆեսոր, գիտաժողովի կազմակերպիչ Սյուզաննա Հարությունյանը:
Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ողջունելով ներկաներին՝ նշեց.
«Հայաստանը պետք է ավելի շատ մասնակցի միջազգային հետազոտական և նորարարական ծրագրերին: Գիտությունը, հետազոտական և զարգացման նախագծերը, տեխնոլոգիաներն ու նորարարությունն առանցքային են մրցակցային միջավայրը բարելավելու, տնտեսական աճի և աշխատատեղեր ստեղծելու համար: Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին և պատրաստ է միավորելու մարդկանց, որպեսզի նրանք հաճույքով սովորեն միմյանցից ու նորարարական պրակտիկաներ կիրառեն՝ ցույց տալու կրթության, սովորելու, զբաղվածության և համայնքի խնդիրներին լուծումներ գտնելու միջև կապը: Մենք նախագծեր ունեք «Թումոյում» և Տավուշում: Ներդրվելու է մոտ 20 միլիոն եվրո»:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ունենք 3-4 տարբեր հետազոտական ինստիտուտներ, որոնք քիմիայի տարբեր ուղղություններով ունեն լուրջ արդյունքներ:
«Հայաստանում քիմիայի զարգացումը պայմանավորված է եղել քիմիական արդյունաբերությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ ջանքեր պետք է գործադրենք Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ: Տեխնոլոգիական ներդրումների համար և՛ մարդկային, և՛ նյութական ներդրումներ են անհրաժեշտ: Այստեղ տեսնում ենք աջակցություն միջազգային համագործակցության մեջ: Հուսով եմ, որ նման գիտաժողովներ կլինեն տարբեր ուղղություններով»,- ընդգծեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Անի Կարապետյան