Ամուլսար. թեման գնալով լրջանում է

Ամուլսարի ոսկու հանքավայրի թեման գնալով լրջանում է։ Հիշեցնենք, որ արդեն ամիսներ շարունակ մի քանի տասնյակ բնապահպաններ փակ են պահում հանքավայր տանող ճանապարհը՝ փաստացի կանգնեցնելով հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքները։

Այս ընթացքում եղել են բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, հայտարարություններ, տեսչական ստուգումներ, սակայն խնդիրը դեռևս չի լուծվում։ Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ամուլսար և բնապահպանների ու «Լիդիան Արմենիայի»  ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ընկերության ղեկավարությանն առաջարկեց սպասել ևս 2 ամիս, մինչև նոր կառավարությունը նոր փորձաքննություն կանցկացնի և կհամոզվի, թե բնապահպանների կողմից հնչեցվող ռիսկերը որքանով են իրական։ «Լիդիան Արմենիայի» ղեկավարությունը չհամաձայնեց 2 ամիս սպասել, քանի որ հարկադիր պարապուրդի յուրաքանչյուր օրը ֆինանսական վնասներ է բերում ընկերությանը։ Այդ օրվանից անցել է մոտ 3.5 ամիս, սակայն կառավարությունը դեռ որոշում չի կայացրել։ Բնապահպանության և ընդերքի տեսչությունը հայտնի թիթեռի ու մեխակի պատմությունից այն կողմ չգնաց, իսկ այժմ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով, Ամուլսարի հետ կապված աշխատանքներ է իրականացնում միջազգային փորձագետներից կազմված խումբը, որի եզրակացությունից հետո կառավարությունը որոշում կընդունի։

Հիշեցնենք, որ վարչապետը վերջերս հայտարարել էր, որ, եթե պարզվի՝ Ամուլսարը վտանգավոր ազդեցություն չունի Սևանի ջրերի և Ջերմուկի վրա՝ հանքը կշահագործվի։

Սակայն ո՛չ «Լիդիան Արմենիայի» աշխատակիցները, ո՛չ էլ ընկերության բաժնետերերն ու այդ բաժնետերերի ռեզիդենտության երկրները կարծես այլևս մտադիր չեն անորոշ ժամանակով սպասել։

Օրինակ, երեկ Վայոց Ձորի մարզպետարանի մոտ հավաքվել էին Ամուլսարի հանքի հարակից համայնքների մոտ 150 բնակիչ, որոնք ազատվել են աշխատանքից Ամուլսարում փակված ճանապարհների պատճառով: Նրանք ասում էին, որ մի քանի հոգու պատճառով հազարավոր ընտանիքներ զրկվել են օրվա ապրուստից:

Սակայն տնտեսագետների համար առավել մտահոգիչ էր ամերիկացիների տեսակետը։ Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիայի» գլխավոր բաժնետերն ամերիկյան «Ամբեր կապիտալ» ընկերությունն է, և ԱՄՆ-ը արդեն բացահայտ զգուշացնում է, որ չի կարելի իր գործարարի հետ այդպես վարվել։

Այսպես, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հոկտեմբերի 9-ին դիվանագիտական առաքելությունն ամփոփող միջոցառման ժամանակ հայտարարեց, որ մտահոգություններ ունի Ամուլսարի ծրագրի առնչությամբ։ Նա նշել էր, որ այսօր բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ կան, ովքեր հետևում են ՀՀ-ին, փորձում են տեսնել, թե ինչ նոր հնարավորություններ կան Հայաստանում, և շատ կարևոր է, որպեսզի Կառավարության կողմից ներդրողներին ճիշտ ազդակներ գնան, ազդակներ, որոնք ցույց են տալիս, որ կանոնների վրա հիմնված միջավայր կա, և միջազգային ներդրողները կարող են ակնկալել բարեխիղճ գործակցություն:

«Անկեղծ կլինեմ, մտահոգ եմ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակով և «Լիդիան» ընկերության հետ: Սա եզակի ամերիկյան ներդրում է Հայաստանում, և ես այստեղ գտնվելու ընթացքում մշտապես հետևել եմ, ներկաները գիտեն, շուրջ կես միլիարդ դոլար ներդրումը նշանակալի է, տնտեսական օգուտներ կան, երբ այն գործարկվի, դա կարող է դառնալ ՀՀ ամենախոշոր հարկատուն: Բայց աշխատանքներն այդ հանքում, արդեն չորս ամիս է՝ դադարեցված են, չկա ՀՀ բնապահպանական օրենքների խախտում, կոռուպցիոն դրսևորումներ, Ամուլսարի հարյուրավոր աշխատողներ շուտով դուրս կմնան աշխատանքից»,- ասել էր դեսպանը։

Միլսը նշել էր նաև, որ օտարերկրյա ներդրողները կարող են հասկանալ, երբ ՀՀ կառավարությունը քայլեր ձեռնարկի բնապահպանական վնասների կամ կոռուպցիայի դեպքում, բայց այդ ներդրողները չեն հասկանում, թե ինչու կարող է Կառավարությունը թույլ տալ, որ այս հանքը փակվի մի փոքր խումբ ցուցարարների կողմից, երբ չկա որևէ իրավական որոշում: «Եթե այս հարցն արագ չկարգավորվի, Հայաստանի բիզնես գրավչությունը կստվերվի: Ուրախ եմ, որ Կառավարությունը հասկանում է իմ մտահոգությունները, այս ռիսկերը, և աշխատում են լուծում գտնել: Բայց որպես դեսպան՝ ես ուզում եմ հորդորել, որպեսզի նրանք արագ գործեն, որ ծրագրի ապագան տնօրինվի օրենքի գերակայության և պատշաճ ընթացակարգերի համաձայն: Այդ դեպքում ՀՀ-ն կարող է արագ առաջ շարժվել, և ամերիկյան ներդրողները՝ կապիտալ տրամադրող, կշարունակեն իրենց աշխատանքը»,- ասել էր նա:

Իսկ մի քանի օր հետո՝ EVN Report-ի հետ զրույցում, դեսպանն ավելի կտրուկ էր արտահայտվել՝ ասելով, որ չկա ոչ մի ապացույց «Լիդիանի» կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ, կամ, որ ընկերությունը խախտել է բնապահպանական նորմերը։

«Ծրագրի ֆինանսավորումն ապահովել են բաժնետերերը և ներդրողները, սկզբնական ֆինանսավորումը եկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Համաշխարհային բանկի նման կազմակերպություններից: Նրանք ունեն իրենց բնապահպանական պահանջները, որոնք պարտադիր են հանքարդյունաբերական նման ծրագրերի մեջ ներգրավվելուց առաջ»,- ասել էր նա:

Դեսպանին մտահոգությունների տեղիք էր տալիս այն հանգամանքը, որ ծրագիրը նույնիսկ չէր էլ սկսել հանքարդյունահանումը: «Ստացվում է, որ հանքավայրը փակվել է՝ առանց բնապահպանական որևէ իրական վտանգի առկայության»,- նշել է դեսպանը՝ ավելացնելով, որ չի հասկանում, թե ինչո՞ւ են աշխատանքները կանգնեցվել, եթե կարելի էր ևս մեկ բնապահպանական հետազոտություն անցկացնել և միաժամանակ շարունակել շինարարությունը։

Դիվանագետին տարօրինակ է թվում նայն այն, որ Հայաստանում կա 27 այլ մետաղական հանք, և դրանցից ոչ մեկը չի կանգնեցվել: «Նույնիսկ, եթե ես ընդունեմ, որ խնդիրը բնապահպանական մտահոգություններն են… միամտություն է մտածել, որ կարելի է այսպես վարվել, և դա հետևանքներ չի ունենա միջազգային ներդրողների համար Հայաստանի գրավչության համար»:

Դեսպան Միլսի խոսքերով, Ամուլսարը բնապահպանության տեսանկյունից լավագույն չափանիշերով աշխատող ծրագիր է, իսկ ԱՄՆ գործարարները և ներդրողները բավարար իրազեկ են, և կհասկանային, եթե Հայաստանի կառավարությունը վերանայեր ծրագիրը, եթե ինչ-որ օրինազանցության ապացույց լիներ: «Բայց նման ոչ մի ապացույց չկա, և տպավորություն է ստեղծվում, որ սա արվում է առանց պատշաճ ընթացակարգերի և օրենքի գերակայության, և դա շատ մտահոգիչ է,- ասել է դեսպան Միլսը,- Դա իսկապես առաջացնում է ներդրումային խնդիր, և սա սպառնալիք չէ, սա մի բան է, որ ես ուրախ չեմ ասել: Բայց ես նախ և առաջ՝ պատասխանատու եմ ԱՄՆ-ի և ԱՄՆ քաղաքացիների և ներդրողների առաջ, և եթե նրանք ինձ հարցնեն, ես նրանց ասելու եմ, որ դուք պետք է տեղյակ լինեք, որ, գիտեք… «Լիդիանի» հետ նման բան է տեղի ունեցել, և դուք պետք է ինքներդ եզրակացնեք: Եվ ինձ մտահոգում են այն եզրակացությունները, որոնց նրանք կհանգեն»:

Երբ դիվանագետը խոսում է նման բաց տեքստով, ուրեմն կարելի է հասկանալ, թե ամերիկացիներին որքան է անհանգստացնում այս հարցը։ Ավելին՝ պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նույնպես խոսել էր Ամուլսարի խնդրի մասին։ Քենթը թեև կոնկրետ անուն չէր նշել, սակայն ակնարկել էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի խնդիրը. «Մենք դիտարկում ենք ամերիկյան ներդրումները Հայաստանում: Այստեղ կան խոշոր ծրագրեր, որոնք իրականացվել են, ինչպես «Կոկա կոլան», հիդրոէներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում մեծածավալ աշխատանքներ: Բայց նաև կա ընկերություն, որի շուրջ խոսակցություններ են գնում, և մենք անչափ կարևորում ենք, որ պայմանագրի նկատմամբ հարգանքն ապահովվի: Դա խթան կլինի ամերիկացի ներդրողների համար, որպեսզի այստեղ աշխատատեղեր ստեղծեն, որպեսզի մարդիկ այստեղ կարողանան արժանապատիվ աշխատել»:

Այս ամենը նշանակում է, որ, եթե ՀՀ կառավարությունն արագ լուծում չտա Ամուլսարի խնդրին՝ կարելի է ընդմիշտ մոռանալ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև արևմտյան երկրներից լուրջ ներդրումների ներգրավման մասին։ Ուշադրություն դարձրեք՝ չենք խոսում տնտեսական այն օգուտներից հրաժարվելու մասին, որոնք ակնալվում էին հանքի շահագործման դեպքում (տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլարի հարկեր, աշխատատեղեր, հարակից ճյուղերի խթանում, հարակից համայնքների տնտեսական կյանքի աշխուժացում, և այլն)։ Չենք խոսում նաև ֆինանսական այն կորստի մասին, եթե «Լիդիան Արմենիան», ի վերջո, որոշի դատի տալ ՀՀ-ին։

Մենք հիմա խոսում ենք ընդամենը Հայաստանի նկատմամբ վստահության կորստի մասին՝ օտարերկրյա ներդրողների կողմից, իսկ դրա տնտեսական վնասը շատ ավելի մեծ է, քան ոմանք կարող են պատկերացնել։

Տեսանյութեր

Լրահոս