«Մեկ տարին անհրաժեշտ էր, որպեսզի նոր ստեղծված իրավիճակին հարմարվեին ՀՀ-ում գործող կուսակցությունները և վերաիմիջավորվեին». Քաղտեխնոլոգ

«Հայաստանի ներքին քաղաքական կյանքում դե յուրե մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իսկ դե ֆակտո՝ ոչինչ չի կատարվում։ Երբ տեղի ունեցան ապրիլյան գործողությունները, որը վարչապետի թիմակիցներն անվանում են հեղափոխություն, իրականում այն հեղափոխություն էր՝ էլեկտորատի գիտակցության մեջ, և իշխանափոխություն՝ պետական կառավարման համակարգում։ Հետևաբար՝ յուրաքանչյուր հեղափոխության առաջին հարցը՝ իշխանության հարցն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով երկրում կատարվող ներքին քաղաքական իրադարձություններին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Նրա խոսքով՝ Հայաստանում գործադիր մարմնի իշխանության հարցը լուծվել էր մայիսի 8-ին, երբ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, որին էլ հաջորդեց իշխանության անցումը նրա թիմակիցներին։ Չնայած, նրանց մի մասը հոկտեմբերի 2-ին հեռացվեց կառավարության կազմից։

«Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաքում՝ ավագանու ընտրություններով, նույնպես լուծվեց իշխանության հարցը, և Երևան քաղաքում ավարտվեց հեղափոխությունը, որտեղ ներկայացվեց իշխանությունը՝«Իմ քայլը», և ընդդիմությունը՝ԲՀԿ և «Լույս դաշինք»։ Մնում է, որ հեղափոխությունն ավարտվի օրենսդիր մարմնում՝արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելով»,- ասաց քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով բոլորին հուզող հարցին, թե ինչու խորհրդարանական ընտրությունների համար ընտրվեց հենց դեկտեմբեր ամիսը, Արմեն Բադալյանը նկատեց, որ իշխանափոխությունից հետո բոլորը, այդ թվում՝ ինքը, տրամաբանական էին համարում, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենային գոնե մեկ տարի անց։ Այդ մեկ տարին անհրաժեշտ էր, որպեսզի նոր ստեղծված իրավիճակին հարմարվեին ՀՀ-ում գործող կուսակցությունները և վերաիմիջավորեին կամ ռեբրենդինգ իրականացնեին։

«Այս ամենը պետք է տեղի ունենար ամռանը, սակայն չեղավ։ Որովհետև եթե ընտրությունները լինեին հաջորդ տարվա մայիսին,նախընտրական քարոզարշավը պետք է տեղի ունենար ապրիլին։ Այսինքն՝ ստացվում էր, որ գոնե չորս ամիս պետք էր, որպեսզի կուսակցությունները ռեբրենդինգ անեին։ Բայց տեսնում ենք, որ ամռան ընթացքում որևէ կուսակցություն չի բարեհաճում տեղից շարժվել և վերաիմիջավորման համար որևէ աշխատանք չի կատարում, այդ թվում՝ ՀՀԿ-ն, քանի որ առաջին հերթին՝ հենց նրան էր պետք վերաիմիջավորում։

Ավելին՝ մենք տեսնում ենք, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո կուսակցությունները, որոնք պարտվեցին ՝առաջին հերթին՝ ԲՀԿ, ՀՅԴ , «Լույս» դաշինք, նույնպես ոչինչ չարեցին, քանի որ այդ ընտրությունները պարտություն էր, իսկ դա նշանակում էր, որ կուսակցության առնվազն Երևանի կառույցի ղեկավարությունը պետք է հրաժարական տար, որովհետև իրենք պարտվել էին։ Այս պատճառով էլ պետք է լուծվեր իշխանության հարցը, և ժամանակի առումով արդեն անիմաստ ժամանակ էր գնում, այդ պատճառով էլ ընտրվեց դեկտեմբեր ամիսը»,- ընդգծեց Ա. Բադալյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

 

Տեսանյութեր

Լրահոս