Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ՄԻԵԴ դիմում են պատրաստում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտանները դիմում են պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքների առնչությամբ: Այս մասին «Ռիա Նովոստիի» հետ զրույցում հայտնել է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրել 2008թ. մարտի 1-ի բողոքի ցույցերը ցրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Քոչարյանին երկու ամսով կալանավորելու մասին: Պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան, որն ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ պատճառաբանելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով 2008թ. աշխատել է ՀՀ զինված ուժերում: Խաչատուրովը գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Պարտադիր կդիմեմ ՄԻԵԴ, եթե նման անհրաժեշտություն լինի: Խնդիրն այն է, որ դրա համար հարկավոր է անցնել բոլոր ներպետական ընթացակարգերը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նա նշել է, որ կան առանձին դեպքեր, երբ դիմումներն ընդունվում են նախքան ներպետական ընթացակարգերի սպառումը, եթե նկատվում է ակնհայտ ճնշում դատարանների նկատմամբ: «Իմ դեպքում նման ճնշում առկա է, և հիմա փաստաբանները պատրաստում են դիմումը»,- հավելել է նա:

Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է անվանել Հատուկ քննչական ծառայության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի միջև հեռախոսային խոսակցությունը սահմանադրական կարգի տապալման գործի վերաբերյալ: «Այնպիսի սկանդալ է, որին նվազագույնը պետք է հրաժարականների շարք հետևեր: Բայց բոլորը շարունակում են պաշտոնավարել, իրենց բավական հարմար են զգում, շարունակում անել այն, ինչով զբաղվում էին: Թեև օբյեկտիվ լինելով՝ պետք է նշել, որ նրանք բռնվել են հանցանքի կատարման ժամանակ: Դատարանների նկատմամբ ճնշումը քրեական հանցագործություն է: Իսկ նրանք շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այս փաստը ոչնչացնում է քրեական գործը, որում ներգրավված է ինքը: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է, այնտեղ ոչինչ չկա: Ես այն իրավական աղբ եմ անվանում: Այլ բառ դժվար է գտնել»,- ընդգծել է Քոչարյանը:

Ինչպես հիշեցնում է «Ռիա Նովոստին», ավելի վաղ համացանցում տարածվել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունը, որում Ազգային անվտանգության ծառայության տնօրենը Հատուկ քննչական ծառայության ղեկավարին հայտնում է, որ դատավորին հայտնել է նախկին նախագահ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտության մասին: Նա նաև խորհուրդ է տվել զգույշ լինել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հետ, քանի որ դա, ըստ նրա խոսքերի, քաղաքական խնդիր է, որը կարող է Ռուսաստանում զայրույթի պատճառ դառնալ:

Ընդ որում, ըստ «Ռիա Նովոստիի», ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «փակել» Խաչատուրովին: ԱԱԾ տնօրենը հաստատել է ձայնագրության իսկությունը:

«Ռիա Նովոստին» հիշեցրել է, որ Հայաստանի ընդդիմությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններում պարտվեց Սերժ Սարգսյանին, Երևանի կենտրոնում բողոքի ակցիաներ էր իրականացնում՝ արտահայտելով իր դժգոհությունը քվեարկության պաշտոնական արդյունքների վերաբերյալ: Բողոքի ակցիաները մարտի 1-2-ը վերածվեցին անկարգությունների, բախման իրավապահների հետ, ինչի արդյունքում 10 մարդ զոհվեց, մոտ 200-ը ստացան վնասվածքներ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս