Հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով վերաքննիչ դատարանի առջև կանգնած Իլհամ Աշկինի գործով դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 14-ին
Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 17-ին քննել է Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի բողոքը 2017 թվականի մարտի 17-ին Ալմելոյի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ, որը կայացվել է հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:
« Իլհամ Աշկինը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը: Հոկտեմբերի 17-ին վերաքննիչ դատարանը քննեց գործը, դատական նիստին ես ներկա էի, դատախազությունը պահանջեց 80 ժամ հարկադիր անվճար աշխատանք և երկու շաբաթ պայմանական ազատազրկում։ Դատավճիռը կհրատարակվի 2018 թ. նոյեմբերի 14-ին, սակայն կարող եմ ասել՝ տրամադրություններն այնպիսին էին, որ Իլհամ Աշկինը չի արդարացվի»,-ասաց Մաթո Հախվերդյանը:
Աշկինը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014-ին Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի դեմ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ մի քանի անգամ վանկարկել է «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»: Առաջին ատյանի դատարանը նշանակել էր 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք և մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով, որն ավելի ծանր պատժամիջոց է, քան պահանջել էր դատախազությունը: