«Շնորհակալություն Հայաստանին այս յուրահատուկ ընդունելության համար, սա հիանալի ճամփորդություն էր». Բրիջիտ Մակրոն
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի տիկին Բրիջիտ Մակրոնն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնայք հոկտեմբերի 12-ին այցելեցին Երևանի մի շարք թանգարաններ:
Նրանք եղան Երվանդ Քոչարի թանգարանում, ապա՝ «Կասկադ» համալիրում, որտեղ զբոսնելիս հիացան քանդակագործ Ֆերնանդո Բոտերոյի հեղինակած արձաններով, այնուհետև այցելեցին Գրիգոր Խանջյանի, Սվարովսկու թանգարաններ, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, «Սասունցի Դավիթ» սրահում տեսան նկարիչ Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքի տուֆից տարբերակը, ապա ուղևորվեցին դեպի Գաֆէսճեան արվեստի կենտրոն:
Երվանդ Քոչարի թանգարանում հյուրերն այցից հետո գրառումներ կատարեցին մատյանում:
«Շնորհակալություն Հայաստանին այս յուրահատուկ ընդունելության համար, սա հիանալի ճամփորդություն էր»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահի տիկին Բրիջիտ Մակրոնը:
Առաջիկայում նրանք կլինեն նաև Ազատության հրապարակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավանում: