Ջիբրալթարի թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին համարում է ուժեղ հակառակորդ
Ջիբրալթարի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը Հայաստանի հավաքականին ուժեղ հակառակորդ է համարում:
«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ուժեղ է, և հավաքականի անդամները խաղում են բարձրակարգ առաջնություններում ու ակումբներում: Չեմ կարող ասել, թե առավելություն կամ թերություն է այն, որ Հայաստանի թիմը նոր գլխավոր մարզիչ ունի: Եթե գնդակը մեզ մոտ լինի, փորձելու ենք հարձակվել, երբ մրցակցի մոտ լինի, ապա պաշտպանվելու ենք»,-լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ջիբրալթարի ընտրանու գլխավոր մարզիչ Խուլիո Սեզար Ռիբասը:
Մարզիչը կարևորեց Ազգերի լիգայի անցկացումը, թեպետ մի շարք մարզիչներ իրենց դժգոհությունն էին հայտնել խիտ գրաֆիկ ունենալու պատճառով:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Ջիբրալթարի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: