Բաժիններ՝

Թրամփն այլևս չի դիտարկում Փաուելի թեկնածությունը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում. Reuters

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այլեւս չի դիտարկում իր նախկին խորհրդական Դինա Փաուելի թեկնածությունը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի մի աղբյուր:

Գործակալության տվյալներով՝ թիմ Փաուելի վերադառնալու հնարավորությունը դիմադրության է հանդիպել Սպիտակ տան վարչակազմում: Թրամփի նման որոշման պատճառները հայտնի չեն: Թրամփը նախօրյակին հայտարարել է, որ Նիկի Հեյլիի արժանի փոխարինող կգտնի ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում: «Նրան փոխարինելու կգա ֆանտաստիկ, հիրավի առաջնակարգ մեկը»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ ներկայում ինքը հինգ թեկնածություն է դիտարկում: Նախագահը չէր հրապարակել նրանց անունները, բայց ասել էր, որ նրանց թվում է իր նախկին խորհրդական Դինա Փաուելը: «Դինային այդ պաշտոնը դուր կգա»,- նշել էր նա:

Թրամփը նաեւ ընդգծել է, որ Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը չի մտնում այդ ցուցակի մեջ, սակայն ինքը պատրաստ է քննարկել նրա թեկնածությունը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հերքել է ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում իր հնարավոր նշանակման վերաբերյալ լուրերը: Համապատասխան հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց, որ հարմար է համարում իր դստեր թեկնածությունը մշտական ներկայացուցչի պաշտոնի համար, բայց զգուշանում է, որ նրա նշանակման դեպքում իրեն կմեղադրեն խնամիության մեջ:

Նիկի Հեյլին, որը ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում է 2017 թվականի հունվարից, հոկտեմբերի 9-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Նա պաշտոնը կթողնի եկող տարվա հունվարին: Հեյլին այդ պաշտոնում հաստատվել էր այն բանից ընդամենը չորս օր անց, երբ Թրամփը 2017 թվականի հունվարի 20-ին ստանձնեց նախագահի պաշտոնը: Հեյլին ինքը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պաշտոնաթող է լինում ոչ անձնական պատճառներով: Իր հետագա պլանների վերաբերյալ նա չի հայտնել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս