ԸՕ նախագծում չկա դրույթ, որին դեմ է «Ծառուկյան» խմբակցությունը
«Մենք ակտիվ մասնակցել ենք Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, և այն առաջարկությունները, որ մեր դաշինքի անունից ներկայացվել են, գրեթե բոլորն ընդունվել են»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով ուղարկված Ընտրական օրենսգրքի նախագծին։
Ըստ նրա՝ այժմ նախագծում չկա դրույթ, որին դեմ է խմբակցությունը։ Ս.Բագրատյանը նշեց, որ իրենց և մյուս խմբակցությունների ներկայացրած փոփոխությունները քննարկման ընթացքում մոտեցրել են, և այն դրույթները, որոնց շուրջ համախոհություն է եղել առնվազն 2 և ավելի խմբակցության կողմից, դրանք են ուղարկել կառավարություն։
«Այդտեղ առաջնահերթություններ կան, որ, կարծում եմ, համախոհություն կա, օրինակ՝ ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելը 4 խմբակցություններն էլ համաձայնել են, տարբերությունն այն է, որ Դաշնակցությունն ու ՀՀԿ-ն կողմ են բաց համամասնական ընտրակարգին, իսկ «Ելքը» և «Ծառուկյանը»՝ փակ համամասնական ընտրակարգին։ Բայց որ ռեյտինգայինը պետք է հանվի, 4 խմբակցություններն էլ համաձայնել են»,- ասաց Ս.Բագրատյանը։
Նրա խոսքով՝ եթե ԱԺ-ն մի քիչ օպերատիվ աշխատի, կհասցնի ընդունել ԸՕ-ն, և դեկտեմբերին ընտրությունները կանցկացվեն դրա համաձայն։ Պատգամավորը նշեց, որ կառավարության և խորհրդարանի հանձնաժողովները զուգահեռ են աշխատել նախագծի վրա, շաբաթը մեկ մոտեցումները համաձայնեցրել են, նաև արտախորհրդարանական ուժերի կողմից առաջարկները մշակվել են ԱԺ-ում ու ներկայացվել կառավարություն, իսկ վերջինս իր մշակումն է արել, և ներկայացված տարբերակում որևէ փոփոխություն չկա, որը քննարկված չլինի։
Ս.Բագրատյանի կարծիքով՝ ԱԺ լիագումար նիստում նոր էական փոփոխություններ չեն լինի։