Հունաստանն առաջարկել է ԱՄՆ-ին՝ երկրում ստեղծել նոր մշտական ռազմաբազաներ
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը Պենտագոնում ամերիկացի իր պաշտոնակից Ջեյմս Մեթիսի հետ կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է, բացի Սուդայի ծոցի Կրետե կղզու համանուն Սուդա նավահանգստում ԱՄՆ-ի ունեցած բազայից, ամերիկյան մշտական ռազմաբազաներ ստեղծել Վոլոս, Լարիսա եւ Ալեքսանդրուպոլիս հունական քաղաքների մերձակայքում: Այդ մասին հայտնել է Kathimerini թերթը:
«Հունաստանը ԱՄՆ-ին համարում է իր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը, կհամարձակվեի ասել՝ միակը: Հունաստանի համար կարեւոր է, որ ԱՄՆ-ն մշտական հիման վրա երկրում զինված ուժեր ծավալի ոչ միայն Սուդայի ծոցում, այլեւ Վոլոսում, Լարիսայում եւ Ալեքսանդրուպոլիսում»,-ընդգծել է Կամենոսը:
Ինչպես նշում է թերթը, Կամենոսը պատահաբար չի նշել այս երեք հունական քաղաքները ամերիկյան զորքերի տեղաբաշխման համար: «Ալեքսանդրուպոլիս նավահանգիստն ԱՄՆ-ի բանակի կողմից արդեն օգտագործվում է ամերիկյան ուղղաթիռներն Արեւելյան Եվրոպա տեղափոխելու համար: Հունաստանի ռազմաօդային ուժերի Լարիսայի օդանավակայանում մշտապես տեղակայված են MQ-9 Reaper ամերիկյան դրոններ, իսկ վերջին ամիսներին այնտեղ են ուղարկվել F-22 Raptor-ներ»,- գրում է Kathimerini-ն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



