Ինչպե՞ս է ՊԵԿ նախկին փոխնախագահի որդին նոր Հայաստանում պաշտոն ստացել
Այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի կողմից վարչության պետի պաշտոնում է նշանակվել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդին:
Հիմնական հարցն այն էր, թե Ալավերդյան կրտսերն ինչպե՞ս է բացահայտելու հոր կամ նրա բազմաթիվ գործընկերների կողմից կատարված հնարավոր չարաշահումները:
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական վերահսկողական ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Արմեն Ալավերդյանի որդու՝ աշխատանքի անցնելու տեղեկությունը՝ նշելով.
«Լևոն Ալավերդյանն այս տարվա հուլիս ամսից զբաղեցնում է Պետական վերահսկողական ծառայության Պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր թափուր պաշտոնը: Ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, ուսանել նաև ԱՄՆ Թաֆտսի համալսարանի Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Կառավարության աշխատակազմի Պետաիրավական վարչությունում աշխատել է՝ որպես առաջատար և գլխավոր մասնագետ: Լևոն Ալավերդյանը ՊՎԾ-ի լավագույն մասնագետներից է:
ՊՎԾ-ում նրա ղեկավարած վարչության աշխատանքի արդյունքում է նաև արձանագրվել պետական միջոցների վերադարձի հնարավորություն: Բնականաբար, այդ ուսումնասիրությունները կարող են առաջացնել չարաշահումների հնարավոր հեղինակների հակազդեցությունը: Ինչպես ՊՎԾ-ում, այնպես էլ պետական կառավարման տարբեր մարմիններում շարունակում են աշխատել կառավարման ոլորտում աշխատանքի փորձ ունեցող, բանիմաց, որակյալ մասնագետներ»:
Անի Կարապետյան