Միջազգային օմբուդսմանների Եվրոպայի գլխավոր ասամբլեայում բարձր է գնահատվել ՀՀ ՄԻՊ-ի փորձը միջազգային հանձնառությունների երաշխավորման հարցում
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Բրյուսելում մասնակցել է Օմբուդսմանների միջազգային ինստիտուտի (IOI) գլխավոր ասամբլեային։ Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ու միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ։
Նիստի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, «Օմբուդսմանը՝ որպես միջազգային հանձնառությունների երաշխավոր» խորագրի ներքո քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը։ Ընդգծվել է օմբուդսմանի դերը տեղեկատվության մատչելիության ապահովման և քաղաքացիական ակտիվության հարցում:
Բարձր է գնահատվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինչպես երկրում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության հարցում: Մասնավորապես, ներկայացվել է՝ ինչպես է համատեղվում անհատական բողոքների քննարկումն ու համակարգային փոփոխություններին նպաստելը: Ուսումնասիրվել է Սահմանադրական դատարան հատուկ կարծիքների ներկայացման, օրենսդրական նախագծերի կազմման, օրենսդրական ակտերը մարդու իրավունքների տեսանկյունից փորձաքննության ենթարկելու պրակտիկան: Կարևորվել են նաև մասնագիտական վերապատրաստումները, որոնք հիմնված են Պաշտպանին հասցեագրվող բողոքների քննարկման և մշտադիտարկման արդյունքների վրա:
Համեմատական ուսումնասիրությամբ քննարկվել է Ֆրանսիայի և Հայաստանի օմբուդսմանների՝ ՄԻԵԴ-ում երրորդ կողմ հանդես գալու փորձը՝ առաջարկելով որպես օրինակ: Այն իրենց զեկույցներում ընդգծել են ՄԻԵԴ դատավոր Պոլ Լեմմենան, ինչպես նաև Լուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ռենդերսը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փորձն այդ հարցում առանձնահատուկ է, քանի որ վերաբերում է խոշտանգումների կանխարգելմանը: