«Հայաստանն իսկապես ազատ, երջանիկ դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնելու ոչ ոք և ոչինչ». Նիկոլ Փաշինյան

Որոշ նախարարություններում աշխատանքի ընթացքում տեղ-տեղ լինում են դադարի դրսևորումներ, ինչն անթույլատրելի է: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին ներկայացնելու ժամանակ:

«Մտածում են, այ սպասեք, տեսնենք ինչ է լինելու: Մի անգամ կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին ասացի, այն ինչի սպասում եք, դա տեղի չու ունենալու, որովհետև Հայաստանի ժողովրդի հաղթանակն անշրջելի է: Որքան շուտ դա գիտակցենք, այնքան լավ բոլորիս համար»- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ կառավարությունը, հեղափոխությունը, միջազգային կազմակերպությունների վերջին հարցումների համաձայն, 92 տոկոսից ավելի աջակցություն ունի: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս փաստը և մյուս փաստերը ևս պետք է հուշեն, որ անհրաժեշտ է հին էջից դուրս գալ:

«Եթե պարզվի, որ կան մարդիկ ովքեր չեն ուզում, չեն կարող հին էջերից դուրս գալ, ապա մենք կփակենք հին էջը և այդ մարդիկ կմնան այդտեղ, Աստված իրենց հետ: Մենք բոլորին հաջողություն ենք մաղթում իրենց կյանքում, իսկ Հայաստանն իսկապես ազատ, երջանիկ դարձնելու ճանապարհին մեզ չի կանգնեցնելու ոչ ոք և ոչինչ: Խնդիր ունենք հանուն այս ամենի համախմբել ողջ պրոֆեսիոնալ ներուժը: Մեզ համար կապ չունի… չի լինելու, որ մեղադրանքներ ներկայացնենք միայն նրա համար, թե երկար տարիներ աշխատել է այս կամ այն կառավարության օրոք: Մեզ համար առաջին խնդիրը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը»,-հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս