«էդ ո՞ր երկրի ժողովրդավար վարչապետն է վերջնագիր ներկայացնում խորհրդարանին». Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթներից մեկին.
«Կայքերից մեկում աչքովս ընկավ Փաշինյանի ելույթից մի հատված,որում նա նշում է, թե իր արժեքները ոչ թե բռնապետությունն է, այլ ժողովրդավարությունն ու օրինականությունը: Ինձ թվաց,թե վերջին մի քանի օրում այն, ինչ տեղի ունեցավ մեր երկրում, երազ է: Իսկ հիմա ըստ էության. պարոն Փաշինյան, էդ ո՞ր երկրի ժողովրդավար վարչապետն է վերջնագիր ներկայացնում խորհրդարանին և ուղղակի միջամտում օրենսդիր իշխանության գործնեությանը` շանտաժի և բացահայտ սպառնալիքների գործիքակազմով, խախտում իշխանությունների տարանջատման սկզբունքը: Էդ երբվանի՞ց է ժողովրդավար համարվում հազարավոր կողմնակիցների հետ գործադիրի ղեկավարի ԱԺ տարածք մուտք գործելը ու այնտեղ ոչ ավել, ոչ պակաս պատգամավորներին պատանդի կարգավիճակում պահելը: Էլ չեմ ասում «ասֆալտին փռելը», ԱԱԾ-ով վախեցնելը և պատգամավորներին սպառնալն ու ծաղրելը:
Հ.Գ.
Որպես պատմաբան հիշեցի նախորդ դարի 30-ականների Գերմանիան: Այնտեղ էլ կար մի գործիչ, որն իր ղեկավարած շարժումը անվանում էր սիրո` քրիստոնեական և խոսում ողջ ժողովրդի անունից: Արդյունքում «քրիստոնեական» սիրո և հանդուրժողականության գաղափարի հետևում թաքնված բռնապետը կարողացավ ժողովրդին համոզել իր «ճշմարտության» մեջ, թե ինչու նա պիտի զանգվածաբար ոչնչացնի հրեաներին»: