ԵԽԽՎ համազեկուցողը Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

Յուլիա Լովոչկինան հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ընդգծել է, որ Երևանի ավագանու ընտրությունները հստակ ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները:

«Միաժամանակ, ընտրություններին մասնակցության թիվը ցույց տվեց, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է: Հետևաբար, անչափ կարևոր է, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրությունները ընկալվեն և ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար՝ բոլոր քաղաքական մրցակիցների և մասնակիցների կողմից:

Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչը՝ մենք էլ կոչ ենք անում իշխանություններին, և բնականաբար, բոլոր քաղաքական դերակատարներին, ապահովել, որ արտահերթ ընտրությունները լիարժեք կերպով համապատասխանեն ժողովրդավարական ընտրությունների եվրոպական չափանիշներին և նորմերին, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ և բավարար ժամանակ ունենան այդ ընտրություններին պատրաստվելու համար:

Սա հատկապես կարևոր է, եթե Ընտրական օրենսգիրքն իսկապես փոխվի, ինչպես որ ցանկանում են որոշ քաղաքական դերակատարներ: Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեք կերպով համապատասխանի Վենետիկի հանձնաժողովի ցուցումներին, այդ թվում այն մասով, որը վերաբերում է ընտրական օրենսդրության կայունությանը, և հիմնված լինի հնարավորինս շատ քաղաքական ուժերի կոնսենսուսի վրա»,- ասել է Լովոչկինան:

Նա հավելել  է, որ պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակ ունենալը հատկապես կարևորվում է սահմանադրական ցանկացած հնարավոր փոփոխությունների համատեքստում, որոնք չպետք է ընդունվեն հապշտապ: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ համազեկուցողն ասել է.

«Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում իշխանությունների հավաստիացումներն առ այն, որ ժողովրդավարական սկզբունքները պետք է լիարժեք կերպով հարգվեն, և որ արդարադատությունը պետք է գործի առանց քաղաքական միջամտության՝ դրանով իսկ զերծ մնալով ցանկացած քաղաքական ազդեցությունից:

Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողության համար՝ անկախ այն բանից՝ ով է դա գործել: Հետևաբար մենք ողջունում ենք ցանկացած արժանահավատ քննություն՝ 2008թ. մարտին տեղի ունեցավ ողբերգական իրադարձությունների 10 զոհերի գործով:

Այնուամենայնիվ, ցանկացած քննություն, այդ թվում կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ, պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և արդար դատավարության սկզբունքներին խստորեն հավատարիմ մնալու պայմաններում՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ  նաև նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները մոտ ապագայում կայցելեն Հայաստան:

Տեսանյութեր

Լրահոս