ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը որոշել է մնալ և աշխատել Փաշինյանի ղեկավարած կառավարության հետ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ԲՀԿ-ն ներկայացնող Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ: Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու որոշումները ստորագրելուց հետո հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես ցանկանում եմ տեղեկացնել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել մեզ հետ: Ես առաջարկում եմ ողջունել Մհեր Գրիգորյանի որոշումը»,- ասաց Փաշինյանը:
Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն ներկայացնող նախարարներին աշխատանքից ազատելու որոշումները: Վարչապետը ստորագրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, գյուղատնտեսության նախարար, ՀՅԴ-ն ներկայացնող Արթուր Խաչատրյանին, արտակարգ իրավիճակների նախարար, ԲՀԿ-ն ներկայացնող Հրաչյա Ռոստոմյանին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, ԲՀԿ-ն ներկայացնող Արթուր Գրիգորյանին և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, ԲՀԿ-ն ներկայացնող Աշոտ Հոկոբյանին աշխատանքից ազատելու մասին որոշումները: