Վրաստանը չպետք է ընտրություն կատարի տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև. Ստոլտենբերգ
Վրաստանն ընտրության առջեւ չպետք է կանգնի իր տարածքային ամբողջականության եւ ՆԱՏՕ-ին անդամակցության միջեւ: Այդ մասին հայտարարել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով հոկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որն անցկացվել է պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին:
«ՆԱՏՕ-ն լիովին պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Բուխարեստի գագաթնաժողովի (2008 թվականի ապրիլ) որոշումը մնում է ուժի մեջ, եւ Վրաստանը ժամանակի ընթացքում կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ:
Նա չպետք է ընտրություն կատարի իր տարածքային ամբողջականության եւ դաշինքին անդամակցելու միջեւ»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով այն թեզիսը, որ Վրաստանը չի կարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ նա ունի տարածքային վեճեր, եւ քանի դեռ նա չի հրաժարվել Հարավային Օսիայից եւ Աբխազիայից, կամ հսկողություն չի հաստատել դրանց նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: